Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -3 °C

«Նման դասագրքային մոտեցումը Փաշինյանը չէր ընկալում Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ». Հարութ Ուլոյան

«Նման դասագրքային մոտեցումը Փաշինյանը չէր ընկալում Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ». Հարութ Ուլոյան
135
Այսօր, 02:06

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համաշխարհային մակարդակում անդարդության խորհրդանիշ դարձած Փաշինյանը, իր վերջին ճեպազրույցում, խոսելով այն մասին, որ նախատեսվող Թրամփի ուղու վերաբերյալ, այնուամենայնիվ, չպարզաբանված հարցեր կան, հայտարարել է հետևյալը․
«Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ մեծ նախագծերն իրենք ունեն մի շատ կարևոր առանձնահատկություն․ իրենք միշտ չպարզաբանված հարց են ունենում և իրենք միշտ արտադրում են չպարզաբանված հարց։ […] Երբ դու ունես մի հարց, որը լուծված չի, էդ հարցը չի լուծվում, չի լուծվում․․․ դու շարունակում ես սեղանին ունենալ մի հարց։ Երբ այդ մի հարցը լուծում ես, ի հայտ է գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծես․․․ Հետևաբար՝ TRIPP նախագիծն ինքն էնքան մասշտաբային հարց է, որ ամեն փուլում, երբ որ մի հարց վերջնականապես պարզաբանվեց, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածենք․․․ Նկատի ունեմ, որ մենք սենց պիտի ընկալենք։ Եթե մեր ճամփորդությունը երկար է, մենք չենք կարող ամեն ինչ տեսնել։ Ոլորանը պետք է անցնենք, որ տեսնենք բլուրից այն կողմ ինչ կա։ Հետևաբար՝ չպարզաբանված հարցեր միշտ կան»։
Եթե Փաշինյանին հատուկ մտքի այս փայլատակումը ֆիլտրենք, ապա Փաշինյանը ասում է հետևյալը. «TRIPP նախագծում կան չպարզաբանված հարցեր, բայց քանի որ այս փուլում կողմերից ինչ-որ մեկի համար դրանք առաջնային չեն, կամ կոնսենսուս չկա դրանց լուծման վերաբերյալ, ապա այդ հարցերը թողնված են ապագային, իսկ իրենք շարժվում են տվյալ պահին լուծման հնարավորություն ունեցող հարցերը լուծելու ուղղությամբ»։
Նման դասագրքային մոտեցումը, փաստորեն, Փաշինյանն այժմ, իբր ընկալում է, բայց չէր ընկալում նույն մոտեցումը TRIPP նախագծից շատ ավելի մասշտաբային հարցի, այն է՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ։ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին Փաշինյանին ներկայացված ու վերջինիս կողմից վիժեցված Ղարաբաղի հարցի կարգավորման սկզբունքները, ըստ էության, նույն մոտեցումն է ենթադրել, ինչ այժմ, Փաշինյանը, հանճարի ու գիտունիկի ինքնավստահությամբ, փորձում է ներակայացնել TRIPP-ի վերաբերյալ։
Մինսկի խումբը, դեռևս 1997 թվականից, հենց այս մոտեցումն էր առաջ տանում․ քանի որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ անհնար է համաձայնության հասնել, ապա այդ հարցը պետք է առկախել և կենտրոնանալ առաջնահերթ հարցերի, այն է՝ Ղարաբաղին տրվող անվտանգության միջազգային երաշխիքների, տարածքների վերադարձի և խաղաղության հաստատման վրա։
Այս մոտեցումը Փաշինյանը համարում էր/է դավաճանական, իսկ այժմ, փաստորեն, TRIPP-ի վերաբարյալ նույն Փաշինյանը պրոպագանդում է նույն մոտեցումը։
Իսկ տարբերությունն այն է, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ փուլային առաջարկներն ապահովագրվում էին միջազգային երաշխիքներով և, բացի դրանից, դրանք ոչ մի կերպ չէին սպառնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, իսկ TRIPP նախագիծն ուղղակիորեն սահմանափակված է Հայաստանի Հանրապետության տարածքի շրջանակներում, ինչի վերաբերյալ «չպարզաբանված» յուրաքանչյուր հարց կարող է սպառնալիք պարունակել թե՛ բուն Հայաստանի, թե՛ տարածաշրջանի առումներով»:

Աղբյուրը`   Հարութ Ուլոյան