«Վաշինգթոնը չի կարող շրջանցել ԵՄ ծանր քաշային լիդերների կարծիքը». Գարիկ Քեռյան
147
Այսօր, 20:12
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական ճգնաժամի հաղթահարման և պատերազմի դադարեցմանը նպատակաուղղված բանակցային գործընթացում միջնորդական առաքելությունն ամբողջությամբ իր վրա է վերցրել ԱՄՆ նախագահ Թրամփը իր վարչակարգի առաջնային դերակատարներով. Ռուբիո, Ուիտկոֆֆ, Կելոգ, Քուշներ և իհարկե փոխնախագահ Վենս: Սակայն պարզ երևում է, որ Վաշինգտոնը չի կարող շրջանցել ԵՄ ծանր քաշային լիդերների կարծիքը և առանց նրանց հետ փոխհամաձայնության դժվար թե հնարավոր կլինի վերջնարդյունքի հասնել: Այդ է պատճառը որ ամեն նոր իրադարձությունից անմիջապես հետո խորհրդակցություններ են տեղի ունենեում Մակրոնի, Սթարմերի, Մերցի և Մելոնիի հետ: Այս առումով ինձ համար որոշակիորեն անհասկանալի է մնում ԳՖՀ կանցլերի կոշտ դիրքորոշումը: Ինչպես սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցի գլխավորած նախորդ կառավարությունը, Մերցի կոալիցիոն կաբինետը չի կարող շրջանցել ռուսական գործոնը: Ռուսաստանը կարևոր դեր է խաղում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Գերմանիայի արդյունաբերության զարգացման, զսպման ուժի կառուցման, ԵՄ գործընկերների հետ հարաբերությունների, էներգամատակարարման ապահովման և գերմանական տնտեսության ապագայի պլանավորման գործում: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Մոսկվայի նկատմամբ նոր քաղաքականությունը պետք է մշակվի այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները նվազեցնում է Եվրոպայի պաշտպանության իր պարտավորությունները և առևտրային պատերազմ է մղում ԵՄ-ի հետ, մինչդեռ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներսում մրցակցությունը սրվում է՝ թե՛ առանձին քաղաքական առաջնորդների, թե՛ պետությունների միջև: Իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն փաստը, որ Ուկրաինան դեռևս չի կարողանում հաղթել պատերազմում և պահանջում է ավելի ու ավելի մեծ աջակցություն, ինչին Գերմանիայում բոլորը չէ, որ կողմ են: Այժմ Գերմանիայում գործում է քրիստոնեա-դեմոկրատ/քրիստոնեա-սոցիալական միության և սոցիալ-դեմոկրատների մեծ կոալիցիայի կառավարությունը: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, միշտ բնութագրվել է խաղաղասիրությամբ: Նրա մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ սկիզբ է առնում առաջին սոցիալ-դեմոկրատ կանցլեր (1969–1974) Վիլլի Բրանդտի «Օստպոլիտիկից» (արևելյան քաղաքականություն), որը ձգտում էր լիցքաթափման ԽՍՀՄ-ի հետ՝ ընդլայնելով տնտեսական կապերը: Չնայած Մոսկվայի հետ հարաբերությունները տարբեր կերպ էին զարգացել Սոցիալ-դեմոկրատական և Քրիստոնեա-դեմոկրատական միության տարբեր կառավարությունների օրոք, այս մոտեցումը, ընդհանուր առմամբ, պահպանվեց: Հետագայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Գերմանիայի խաղաղ միավորումը համարեց Բրանդտի «Օստպոլիտիկի» հաղթանակ: Այն փաստը, որ Գերմանիան իր միավորման համար մեծապես պարտական էր Կրեմլի բարի կամքին, գերմանացիների շրջանում առաջացրեց այն զգացողությունը, որ իրենց երկրի ապագան կախված է Ռուսաստանի բարեհաճությունից: Տարածվեց այն միտքը, որ իր ինքնիշխանությունը պահպանելու և սեփական անվտանգությունն ապահովելու համար Գերմանիան պետք է պահպանի, եթե ոչ բարեկամական, ապա առնվազն չեզոք հարաբերություններ Սառը պատերազմի երկու գերտերությունների հետ, և հատկապես Մոսկվայի հետ, որը ընկալվում էր որպես ավելի հավանական ագրեսոր: Այս վերաբերմունքը շարունակեց ուղղորդել գերմանական քաղաքականությունը նույնիսկ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանում իշխանության գալուց հետո: Կանցլերներ Գերհարդ Շրյոդերը (1998–2005; սոցիալ-դեմոկրատ) և Անգելա Մերկելը (2005–2021; ՔԴՄ/ՔՍՄ) Ռուսաստանի նկատմամբ նմանատիպ, եթե ոչ նույնական մոտեցումներ ունեին։ Դրանք հիմնված էին այն մտքի վրա, որ Գերմանիան տնտեսապես կախված է Մոսկվայից, և որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան կտրուկ քայլերից, որոնք կարող են զայրացնել նրան։ Այս հանգամանքը անտեսեց Շոլցի կառավարությունը դրա հետևանքն էր ԳՍԴԿ-ի ջախջախիչ պարտությունը 2025 թվականի արտահերթ ընտրություններում։ Սակայն նույնիսկ այսօր Մերցը շարունակում է Շոլցի քաղաքականությունը, շրջանցում է Բրանդտի, Շրյոդերի և Մերկելի ժառանգությունը, որոնք ձգտում էին բարեկամական հարաբերությունների Ռուսաստանի հետ: Ճիշտ է, Մերցը չի համարձակվում վճռականորեն խզել հարաբերությունները Ռուսաստանի, բայց եվրալիդերների մեջ առանձնանում է իր ռազմաշունչ հռետորաբանությամբ: Բրանդտը և Շրյոդերը լրիվ հակառակն էին անում: Իսկ Գերմանիայի միավորման ճարտարապետ կանցլեր Քոլը միշտ երեխտագիտությամբ էր նշում Գորբաչովին: Նա գիտեր որ անգլո-սաքսերն ու ֆրանսիացիները բարեհաճ չեն միավորման հարցում, իհարկե նրանք էլ իրավացիորեն վախենում էին Եվրոպայում գերմանական հեգեմոնիայից»: