Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Վենեսուելայի շուրջ կատարվող վերջին զարգացումների մասին՝ միայն իրավական կտրվածքով». Զառա Հովհաննիսյան

«Վենեսուելայի շուրջ կատարվող վերջին զարգացումների մասին՝ միայն իրավական կտրվածքով». Զառա Հովհաննիսյան
185
Այսօր, 02:06

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՔԱՅՔԱՅՈՒՄ և ՈՒԺԻ ՆՈՐՄԱԼԻԶԱՑՈՒՄ
Վենեսուելայի շուրջ կատարվող վերջին զարգացումների մասին՝ միայն իրավական կտրվածով։
Փորձեմ մի փոքր անդրադառնալ այն իրավիճակին, որին ականատես ենք լինում այս օրերին։ Ես քաղաքական հարթության վրա չեմ դիտարկի, քանի որ այդտեղ պետք է հաշվել ու հաշվարկել ուժային կենտրոնների նկրտումները լատինամերիկյան երկրներում, բալանսի, աշխարհաքաղաքական զարգացումների, գեոպոլիտիկ և այլ ենթատեքստեր, որոնց ես չեմ տիրապետում։ Բայց զուտ միջազգային իրավունքի որոշ դրույթների վերաբերյալ որոշակի գիտելիքի վրա հենվելով, կարելի է առնվազն իրավական փոքրիկ վերլուծություն կատարել՝ հասկանալու համար զարգացումները միջազգային իրավունքի համատեքստում։
Քանի որ միջազգային հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթղթերից կարևորագույնը ՄԱԿ-ի կանոնադրությունն է, որը սահմանել է միջազգային հարաբերությունների իրավական հիմքերը ժամանակակից աշխարհում, փորձեմ անցնել հենց այս փաստաթղթի դրույթներով։
ՄԱԿ կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը հստակորեն սահմանում է, որ կառույցի բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:
Այս հոդվածով ուժային միջամտության արգելքը գրեթե բացարձակ կերպով տարածվում է՝ ռազմական ներխուժման, օդային հարվածների, հատուկ ստորաբաժանումների գործողությունների, և այլ տիպի գործողությունների վրա։
Սակայն, ՄԱԿ կանոնադրությունը երկու օրինական բացառություն ճանաչում է, որոնց դեպքում ուժի կիրառումը լեգիտիմ է։ Փաստաթղթի 51-րդ հոդվածով սահմանվում է, որ․
Սույն Կանոնադրությունը ոչնչով չի խաթարում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ: Անդամների կողմից իրենց ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու միջոցառումների մասին անմիջապես հաղորդվում են Անվտանգության խորհրդին և, սույն Կանոնադրության համաձայն, ոչ մի կերպ չեն ազդում Անվտանգության խորհրդի հեղինակության ու լիազորության վրա՝ ցանկացած ժամանակ ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար:
Այս համտեքստում, Միջազգային դատարանի, Ռազմական և ռազմականացված գործողությունները Նիկարագուայում և Նիկարագուայի դեմ (Nicaragua v. United States of America) գործով, սահմանվում է 4 պարտադիր պայման, նախ, ինքնապաշտպանությունը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ պետության դեմ իրականացվել է զինված հարձակում։ Ինքնապաշտպանությունը պետք է լինի անհրաժեշտ, համաչափ զինված հարձակման չափին և բնույթին, ինչպես նաև, հարձակման ենթարկված պետությունը պետք է պաշտոնապես հայտարարի, որ ենթարկվել է զինված հարձակման և պաշտոնապես խնդրի օգնություն այլ պետություններից։
Այսպիսով, Վենեսուելան չի իրականացրել զինված հարձակում ԱՄՆ-ի կամ այլ պետության դեմ, և չկա անհրաժեշտություն, առավել ևս համաչափության խնդիր, նաև չկա կոլեկտիվ պաշտպանության խնդրանք-դիմում։
ՄԱԿ-ի գլխավոր մարմիններից՝ Անվտանգության խորհուրդը, կանոնադրության 39-րդ հոդվածի համաձայն որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ է ներկայացնում կամ վճռում է, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների, ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար:
Վենեսուելայի դեպքում ԱԽ-ի կողմից ուժի կիրառման թույլտվություն չկա, չկա ընդունված բանաձև, որը թույլ կտար ռազմական տիպի որևէ գործողություն։
Այլ բացառություններ ՄԱԿ կանոնադրությամբ նախատեսված չեն, այդ թվում կառավարության լեգիտիմության ու ճանաչման, մարդու իրավունքների ոտնահարման ու խախտման, բռնապետական կամ ոչ ժողովրդավարական ռեժիմի վերաբերյալ և այլ հիմնավորումներ միջազգային իրավունքով չեն կարող ստեղծել հատուկ գործողությունների համար բավարար հիմքեր։
Եթե միջազգային իրավունքը կիրառվում է ընտրովի, ապա՝
դադարում է լինել իրավունք և վերածվում է քաղաքական գործիքի։ Փաստացի, սա միջազգային իրավունքի քայքայման և ուժի նորմալիզացման իրավիճակ է, որը միակը չէ, ցավոք, մենք տարիներ շարունակ ականատես ենք ՌԴ-ի Ուկրաինայի դեմ կատարվող գործողությունների»։