Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -5 °C

ԿԸՀ-ն փոփոխություն է իրականացրել դիտորդների հավատարմագրման կարգում

ԿԸՀ-ն փոփոխություն է իրականացրել դիտորդների հավատարմագրման կարգում
126
Այսօր, 19:24

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 19-ի արտահերթ նիստում ի թիվս այլ որոշումների հաստատել է նաև դիտորդների հավատարմագրման նոր կարգը։

Ըստ այդմ, սահմանվում են դիտորդների և այցելուների հավատարմագրման և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, միջազգային դիտորդների և այցելուների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու առանձնահատկությունները:

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակ հետապնդող Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, մինչև հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելը, դիմում են Հանձնաժողովին և ստանում են «ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների տվյալների առցանց ներկայացման համակարգ» մուտք գործելու և հավատարմագրման ներկայացվող անձանց տվյալները մուտքագրելու հնարավորություն։

Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո, որը չպետք է համընկնի, այդ թվում՝ մասնակի, կուսակցությունների կամ քաղաքական միավորումների անվանումների հետ։ Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում, և դիտորդների հավատարմագրումն իրականացվում է դիտորդների համատեղ ցանկով։ Մեկ միասնական անվան ներքո հանդես գալու դեպքում՝ համատեղ դիմումում նշվում է նաև դիտորդական առաքելության անվանումը:

Հանձնաժողովը մինչև հավատարմագրման հայտը հաստատելն իրականացնում է համընկման ստուգում կազմակերպության դիտորդների ցանկի տվյալների և ընտրական հանձնաժողովի անդամի, տվյալ ընտրություններին մասնակցող թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի վերաբերյալ հանձնաժողովում առկա տվյալների հետ։ Համընկման դեպքում դիտորդների ցանկում ներառված անձի տվյալները հանվում են դիտորդների ցանկից։

Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում ևս իրականացվում է համընկման ստուգում և համընկման դեպքերում այդ անձանց տվյալները չեն ընդգրկվում դիտորդների ցանկում։

Եթե դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումից հետո ի հայտ են գալիս կազմակերպության դիտորդների տվյալների և ընտրական հանձնաժողովի անդամի, տվյալ ընտրություններին մասնակցող թեկնածուի, տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի տվյալների համընկնման դեպքեր, ապա հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել հետևյալ հանգամանքները.

1) կազմակերպության կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի չի ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,

2) կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով,

3) կազմակերպությունը աջակցում է թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (այդ թվում՝ կազմակերպում կամ իրականացնում է նախընտրական քարոզչություն):