Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին

Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
27
Այսօր, 22:30

80 տարեկանում մահացել է Time հանդեսի նախկին թղթակից Սթրոուբ Թելբոթը, որը հետագայում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, հաղորդում է Associated Press-ը։ Նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին։

Time հանդեսում Թելբոթը աշխատել է 21 տարի, ԱՄՆ Պետքարտուղարությունում աշխատանքի է անցել 1994 թվականին և կարճ ժամանակ անց դարձել պետքարտուղարի տեղակալ, 2002-2017 թվականներին, Թելբոթը զբաղեցրել է Բրուքինգսի ինստիտուտի նախագահի պաշտոնը։ Այդ ընթացքում նա միաժամանակ գլխավորել է ԱՄՆ Պետքարտուղարության արտաքին քաղաքականության խորհուրդը։

Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք՝ 1997-1999 թվականներին, Սթրոուբ Թելբոթ գլխավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ պատվիրակությունը և ներկայացրել Վաշինգտոնը որպես համանախագահ։

1999 թվականին Թելբոթն անմիջականորեն ներգրավված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ մշակված նոր առաջարկի քննարկումներում։ Այդ ծրագրով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը միացնել Հայաստանին՝ դրա դիմաց Ադրբեջանին տրամադրելով անխոչընդոտ կապ դեպի Նախիջևան։

1999 թվականի հոկտեմբերի 26-ին Բաքվում Հեյդար Ալիևի հետ հանդիպելուց հետո Թելբոթը հոկտեմբերի 27-ին ժամանեց Երևան։ Նա բանակցություններ վարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ՝ նպատակ ունենալով համաձայնեցնել փաստաթուղթը մինչև նոյեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը:

Վազգեն Սարգսյանն անձամբ ճանապարհեց Թելբոթին «Զվարթնոց» օդանավակայան, որից անմիջապես հետո գնաց Ազգային ժողով, որտեղ տեղի ունեցավ ահաբեկչությունը։ Թելբոթը հետագայում նշել է, որ այդ պահին խաղաղության համաձայնագիրը «շատ մոտ էր իրականացմանը», սակայն հոկտեմբերի 27-ի ողբերգությունը տապալեց բանակցային այդ փուլը։