Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Քոչարյանը թող իր 200 միլիոն դոլարն ընծայաբերի ԼՂ-ից տեղահանվածներին». Հայկ Կոնջորյան

«Քոչարյանը թող իր 200 միլիոն դոլարն ընծայաբերի ԼՂ-ից տեղահանվածներին». Հայկ Կոնջորյան
348
Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ., 10:54

Երեկ ԱԺ-ն քննարկում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված: Թագուհի Ղազարյանի խոսքով նախաձեռնությունը միտված է հուշարձանների պահպանության ոլորտում ավելի ամրապնդելու ինստիտուցոնալ մեխանիզմները, այս մասին հայտնում է ԱԺ կայքը:

Այսօր՝ հունվարի 20-ին շարունակվել է նախագծի քննարկումը: Ելույթ է ունեցել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով ընդդիմադիր Լիլիթ Գալստյանի երեկվա խոսքին. «Քանի որ Կտրիճ Ներսիսյանը «ընծայաբերել է» Գեղարդը, ուրեմն՝ ամեն ինչ նորմալ է: Էդ նույն տրամաբանությամբ, կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանն էլ ժամանակին ընծայաբերել է ՀՀ գույքը՝ ՌԴ-ին, կամ պատրաստվում էր ընծայաբերել Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց, կամ պատրաստվո՞ւմ է Քոչարյանն իր 200 մլն դոլարն ընծայաբերել ԼՂ-ից տեղահանվածներին»:

Ավելի վաղ Լիլիթ Գալստյանն ասել էր՝ գույքն ու հուշարձանը տարբեր բաներ են. «ՀԱԵ-ն ունի իր կանոնադրությունը, այդ կանոնադրության համապատասխան, ընծայաբերման ավանդույթներ ու մասունքներ փոխանակելու, նվիրելու դարավոր ավանդույթներ կան»: