ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ խիղճն ի՞նչ արժե. Հա, իրոք, մտա՞ծել եք, ի՞նչ արժե խիղճը։ Այսօր, երբ հայրենիքից սկսած մինչև պատիվ, արժանապատվություն վաճառքի է հանված և, արդեն ոչ միայն թանկարժեք քաղաքական «մոլերում» այլև՝ էժանագին քրչոտների բազառում։ Գնացեք ու հարցրեք այսօրվա խմբակից մեկնումեկին, հարցրեք արդարադատություն իրականացնելու մարմիններում ի պաշտոնե դրվածներին, դատավորի փիլոն հագածներին, այո, գնացեք և հարցրեք՝ բարեկիրթ ձևով հարցրեք․ «Ներեցեք պարոն, /տիկին/, իսկ ձեր խիղճն ի՞նչ արժե, գիտենք, որ վաճառվում է, դուք ձեր գինն ասեք»։ Հավատացեք, ձեզ կպատասխանեն, ոչ թե կվիրավորվեն, ոչ թե կապտակեն, այլ՝ գին կասեն, իրենց «խղճի» գինը, մանավանդ, երբ գնորդը․․․, դե հասկացաք՝ ով է։ Երեկ Ավանի դատարանում քաղբանտրակյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դատական հերթական նիստն էր։ Նարեկը վերջին օրերին հիվանդանոցում էր, 15-օրյա հացադուլից հետո հյուծված, հիվանդություններից հյուծված, Նարեկին շտապ վիրահատություն է հարկավոր, բայց, առայժմ այնքան հյուծված է, որ դեռ հնարավոր չէ վիրահատել։ Ու, այս 35 տարեկան տղային, այս համառ, սկզբունքային, հոգով և համոզմունքով պինդ տղային հաշմանդամի սայլակով բերեցին դատարան։ Նարեկը եկավ, որ նիստը իզուր չհետաձգվի, այսպիսով, էլի գնաց ինքնազոհողության։ Ու, երբ դատարանի դահլիճում մեղադրող մի տղա, հավանաբար Նարեկի տարիքին, կարդում էր իր «մեղադրանքը»՝ Նարեկը տեղից ասաց, որ բարձր կարդա, ասաց՝ լավ չի լսվում։ Եվ, ի՞նչ եղավ դատավորի արձագանքը, Նարեկի հետ «լեզվակռվի» մտավ, պնդելով, թե թող Նարեկը նույնն ասի հանգիստ տոնով։ Իրականում Նարեկը չէր գոռում, չէր վիրավորում, ասում էր, որ լավ չի լսվում։ Տվյալ դատավորը հավանաբար Նարեկի տարիքի որդի կամ դուստր ունի, կամ՝ իր հարազատների մեջ կան Նարեկի տարիքի տղաներ։ Շատ տհաճ էր այս պահվածքը։ Չգիտեմ, էդ պահին էդ դատավորի աթոռին նստածի մեջ ինչ-որ բան շարժվե՞ց, նրա մեջ խղճի մի նշույլ կա՞ր, երբ տեսավ Նարեկին այդ վիճակում։ Նարեկը ոչ հանցագործ է, ոչ գող, ոչ մարդասպան, ոչ թմրամագնատ, Նարեկը գրագետ, խելացի, կարգին կրթություն ստացած մի պարզ տղա է, իր համոզմունքին, հայրենիքին նվիրված և պայքարող հոգի։ Այդ տղան ի նշան անարդարության հացադուլ հայտարարեց և հիմա հաշմանդամի սայլակին է։ Իրենց խոսքում և Վազգենը, և Նարեկը չընդունեցին իրենց վրա կարվող մեղքը։ Վազգենը մեջբերումներ արեց ամերիկյան այսօրվա քաղաքական բառապաշարից, նշեց, թե նույն Թրամփին ինչպես են իրական հայհոյանք տալիս, ինչ բառերով, որոնց համեմատ հետույք բառը շատ «քնքուշ» բառ է։ Իսկ Նարեկը խոսեց խղճի մասին, ասաց՝ իր խղճը մաքուր է, պարզ, որովհետև ինքը գիտի ինչ է անում, հանուն ինչի և, որ իր պայքարը զուտ քաղաքական-սկզբունքային-գաղափարական է։ Իսկ, այ, իրեն դատողների խիղճը ի՞նչ վիճակում է այսօր և ինչ վիճակում կլինի էն աշխարհում, թող իրենք մտածեն։ Չէր խանգարի իրենք իրեն հարց տան՝ իսկ մաքո՞ւր է իրենց խիղճը։ Ես չգիտեմ, հասկացա՞ն դատավորն ու մեղադրողը, թե ինչ էր ասում Նարեկը, եթե չհասկացան՝ կրկնակի են մեղքի տակ, եթե հասկացան՝ պատկերացնում եմ նրանց գիշերային մղձավանջները։ Մտածենք այս մասին, որովհետև այո, բոլոր մարդիկ հոգի ունեն տալու, և էս կյանքը միակ ու անփոխարինելին չէ, կա այլ՝ ավելի երկար և ավելի արդար կյանք, որտեղ ամեն մեկս Արարչի առաջ պատասխան ենք տալու մեր խղճի և ապրածի համապատասխան։ Ազատություն Նարեկին, ազատություն Վազգենին, ազատություն բոլոր Սրբազան հայրերին, ազատություն 18 արդարներին, ազատություն Բաքվի բանտերում տանջվող մեր հայրենակիցներին։ Հ․Գ․ իրոք՝ երբևէ մտածե՞լ եք, ձեր խիղճը ի՞նչ արժե, իսկ՝ վաճառվո՞ւմ է»։