Չորեքշաբթի, 04 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սիրելի՛ ուսանողներ, ճի՛շտ մարդիկ ընտրեք օրինակ վերցնելու համար»․ Ռուբեն Մելիքյան

«Սիրելի՛ ուսանողներ, ճի՛շտ մարդիկ ընտրեք օրինակ վերցնելու համար»․ Ռուբեն Մելիքյան
138
Այսօր, 17:30

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս մի հանդուգն ուսանող պատահաբար հանդիպեց ինձ քաղաքում ու հարցրեց, թե ինչու եմ ես Հայաստանի ՄԻՊ-ի պաշտոնը ներկայումս զբաղեցնող անձին հրապարակավ համարում Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ-ը։ Արդյո՞ք պատճառն այն է, որ նա ընտրվել է միայն քպ-ի ձայներով։ Արդյո՞ք դա ինքնին բավարար է՝ մարդուն «վատագույն ՄԻՊ» որակելու համար։
Օրը ձյունառատ էր ու սառնաշունչ, բայց քանի որ ապագա իրավաբանը շատ կարևոր «մեղադրական» հարց էր տալիս, պատեհ համարեցի նրան մանրամասն պարզաբանել դիրքորոշումս։
Նախ, կարծում եմ, ժողովրդավարական երկրում ցանկացած բարձրակարգ մասնագետ պետք է կտրականապես հրաժարվեր ՄԻՊ աշխատել այն պայմաններում, երբ ընդդիմությունը կտրականապես դեմ է արտահայտվում իր թեկնածությանը։ Բայց սա, - հատուկ շեշտեցի, - ամենևին պատճառ չէ անձին «վատագույն ՄԻՊ» որակելու համար։ Նույնիսկ ա՛յդ պայմաններում էր հնարավոր որակյալ ու ճիշտ աշխատանքով շահել մարդկանց վստահությունը։
Պատճառն այլ է, - ասացի ես, և բերեցի ձյուն մաքրող բանվորի օրինակը (այդ պահին քիչ հեռու՝ մի մարդ մաքրում էր մայթի ձյունը): Ասացի՝ «պատկերացրու բարձրահարկ շենք։ Առատ ձյուն է գալիս, ու բանվորին հանձնարարում են ձյունը մաքրել։ Որտեղի՞ ձյունը պիտի մաքրի առաջինը»։ Ասաց՝ «դե պարզ է - մուտքերի դիմացի ու մայթերի ձյունը»։ «Ըհը՜։ Իսկ եթե դրա փոխարեն բանվորը գնա ու սկսի մանկական խաղահրապարակն ու բակային ճեմուղին մաքրել՝ ի՞նչ կմտածես»։ Մտածեց ու ասաց՝ «Բայց տենց ո՞նց կարա լինի։ Ո՞վա պադյեզդն ու մայթը չմաքրած՝ կառուսելը մաքրում»։ «Ըհը՜։ Բա քո ասած անձը արդյո՞ք նույնը չի անում։ Իր երկրում մեկին դատում են «հետույք», մյուսին՝ «մեր ձևով» ասելու համար, շինծու գործերով բանտարկում են 4 եպիսկոպոսի, երկրի ղեկավարը որոշում ա՝ ով ա կարգալույծ ու ով՝ չէ, հաջորդ օրն էլ էդ որոշումը դատավորի են տալիս, որ ստորագրի։ Մինչդեռ ՄԻՊ-ը էդ հարցերի փոխարեն՝ անընդհատ խոսում ա ինչ-որ երկրորդական կամ անհասկանալի բաների մասին։ Տենց ո՞նց կարա լինի»։ Մտածեց-մտածեց, ասաց՝ «շնորհակալություն» ու գնաց։
Ասածս ինչ է։ Սիրելի՛ ուսանողներ, ճի՛շտ մարդիկ ընտրեք օրինակ վերցնելու համար։
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Սույն գրառումը ոչ մի դեպքում չդիտել խտրականություն աննորմալ բանվորների, հանդուգն ուսանողների, ձյուն մաքրողների կամ որևէ այլ կատեգորիայի հանդեպ։ Նրանց բոլորին ես ընդունում, հարգում ու պատվում եմ հավասարապես՝ նորմալ բանվորների, ամոթխած ուսանողների, ձյուն չմաքրողների հետ մեկտեղ։
Հ․Գ. Երբ որևէ պայմանական ՄԻՊ-ի հուզում է «թուրք» բառը որպես վիրավորանք օգտագործելը, բայց չի հուզում եկեղեցու գործերին թիվ 1 իշխանավորի բացահայտ միջամտությունը, ապա հավանաբար այդ ՄԻՊ-ն ընտրվել է բացառապես պայմանական քպ-ի ձայներով։ Էս «ասույթն» էլ քեզ՝ բոնուս, հարգելի՛ հանդուգն ուսանող»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան