«Մեզ օգնության հասած արցախցիները տարան, տաքացրեցին, կերակրեցին, լվացին ցեխի մեջ կորած մեր մարմինները, հոգիս չլվացվեց». Նարինե Կռոյան
177
Այսօր, 00:36
Արձակագիր Նարինե Կռոյանը գրում է. «Նախաբան Տարիներ առաջ, երբ Արցախի բարենորոգման համար ամենատարբեր դրամահավաք-մարաթոններ էին կազմակերպում, և ես պատքս էի համարում անպայման այդ ամենի մասը կազմել, տեղի ունեցավ առաջին հայացքից աննշան մի «իրադարձություն», ինչի համար մինչ օրս ամաչում եմ և չեմ կարողանում ներել ինձ: Հերթական դրամահավաքը դեպի Ամարասի վանական համալիր տանող ճանապարհի կառուցման, ասֆալտապատման (գուցե էլի ինչ-որ բանի, չեմ հիշում) համար էր կազմակերպվել, և մեր քաղաքի փոքր, թե միջին չինովնիկներից մեկն այդ պահին հանկարծ փսփսաց ականջիս, թե ոչինչ չտաս, բոլորը ուտում են, իրականում ոչինչ էլ չեն անում, դրանք մարդ չեն: Ես էլ, որ այդքան էլ հեշտ համազվողներից չեմ, չգիտես ինչու, հավատացի նրան և, ինքս ինձնից, իմ արդարադատ կեցվածքից գոհ, ոչինչ չտվեցի: Բան Այնպես ստացվեց, որ, ուխտագնացների խմբի հետ, մի օր ես, իմ որդիների հետ, որ դեռ փոքր էին, հայտնվեցի Արցախում. վանքերով, ուխտատեղիներով էինք շրջագայում՝ Աստծո անունն ու պատվիրանները շրթներիս: Վերջապես մեր միկրոավտոբուսը ուղևորվեց նաև Ամարաս: Ցուրտ, անձրևոտ ու մառախլապատ նոյեմբերն էր: Կավացեխի տակ ճանապարհը չէր երևում, և հանկարծ վարորդը կորցրեց կառավարումն, ու միկրավտոբուսը ետևի անիվնիվներով կախվեց ճանապարհը երիզող ձորի վրա: Հավատացյալներս ահ ու սարսափով դուրս վազեցինք մեքենայից: Ես, բռնելով տղաներիս ձեռքերից, ցեխի միջով մի կերպ առաջ գնացի՝ փորձանքից հեռու: Քիչ անց սովետական ավտոարդյունաբերության հրաշքներից մեկն անցավ մեր կողքով՝ մի կարմիր «ջորի», որի վարորդը հավանաբար կամ Ֆորմուլա 1-ի մասնակից էր, կամ էլ ծպտյալ Աէրտոն Սեննան, որ հրաշքով կարողանում էր ճանապարհի վրա պահել այս ու այնկողմ սահող մեքենան: Նա միայն մի պահ կանգ առավ, նայեց վթարյալներիս և ոչինչ չասելով՝ հեռացավ: Այդ պահին ես կրկին մտաբերեցի մեր քաղաքի այն փոքր, թե միջին չինովնիկի արցախցիներին մեղադրող փսփսոցը և նորից հավատացի նրան. «Դե, ճիշտ էր ասում էլի...»: Վերջաբան 15-20 րոպե անց հեռվում հանկարծ մի շարասյուն երևաց: Պարաններով իրար կապված խորհրդային հնամաշ մեքենաների մի շարք էր մեզ մոտենում: Հավանաբար մոտակայքում գտնվող ինչ-որ գյուղից էին: Առջևում կարմիր, ջանգոտած դռներով (ժանգոտածը ես հետո տեսա) ՋՈՐԻՆ էր: Նրանք, այդպես իրար կապված, ավելի էին վտանգում իրենց կյանքը, սակայն եկել էին մեզ օգնելու: Օգնեցին: Տարան, տաքացրեցին, կերակրեցին, լվացին ցեխի մեջ կորած մեր մարմինները, ... հոգիս չլվացվեց: Ես միայն արտասվում էի: Ո՞վ էի ես, որ չիմանալով այդ մարդկանց, ինձ իրավունք էի վերապահել դատել նրանց, չափել ու կշռել նրանց հոգիները, երբ իմը մաքուր չէր: Մենք այդպես էլ Ամարաս չհասանք, և մինչ օրս ես գիտեմ, համոզված եմ, որ Աստված այդպես դատեց ինձ այն մի-երկու դրամի համար, որ ես չկամեցա իմ ՄԵՐՁԱՎՈՐԻՆ»: