«Հորդորում ենք՝ անհայտ կորածների հարցն ու հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում ձեր քննարկումների թեման»․ Արտակ Բեգլարյան
112
Այսօր, 10:12
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ նամակ ենք ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով ոչ միայն պատանդների խնդրի, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցի վրա։ Ստորև ներկայացնում եմ նամակը, որը Սպիտակ տան պաշտոնական ընթացակարգով ուղարկվել է փոխնախագահ Վենսի գրասենյակ․ Նամակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների պաշտպաններ Գեղամ Ստեփանյանից և Արտակ Բեգլարյանից Հարգելի՛ պարոն փոխնախագահ, մենք ողջունում ենք Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր տարածաշրջան։ Այս այցը տեղի է ունենում նախագահ Թրամփի կողմից հաստատված խաղաղության գործընթացի վճռորոշ պահին։ Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների պաշտպաններ՝ մենք շեշտում ենք, որ «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղու» (TRIPP) հաջողությունը և 2025 թվականի օգոստոսի Վաշինգթոնյան գագաթնաժողովի արդյունքները մեծապես կախված են խորը հումանիտար վերքերի ապաքինումից։ Մինչ քաղաքական համաձայնագրերը նախաստորագրվում են, հարյուրավոր հայ ընտանիքներ, որոնց հարազատներն անհետացել են 2023, 2020 և 1990 թվականների ադրբեջանական ագրեսիաների ժամանակ, շարունակում են մնալ տանջալից անորոշության մեջ։ Անհայտ կորած անձանց հարցում Բաքվի կողմից համագործակցության մշտական բացակայությունը երկրորդական խնդիր չէ. այն տարածաշրջանային լարվածության հիմնական աղբյուրներից է և հարազատների ճակատագիրն իմանալու մարդու հիմնարար իրավունքի կոպտագույն խախտում։ Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհայտ ճակատագրերի» հիմքի վրա։ Մենք խնդրում ենք, որ ԱՄՆ վարչակազմը ստանձնի առաջամարտիկի դեր հետևյալ հարցերում. • Ստեղծել չեզոք, տվյալահեն մեխանիզմ՝ մարտական գործողությունների և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ անհայտ կորածների գտնվելու վայրը պարզելու և նրանց նույնականացնելու համար։ • Ապահովել լիակատար թափանցիկություն և ադրբեջանական կողմի համագործակցությունն անձանց կամ նրանց աճյունների որոնման և հայրենադարձման հարցում։ • Հստակ հանձնառություն ստանձնել, որ անհայտ կորածների ճակատագրերի հստակեցումը կդիտարկվի որպես անհրաժեշտ պայման տարածաշրջանային նախագծերի լիարժեք իրականացման համար։ Անհայտ կորածների հարցում հստակության անհրաժեշտությանը լրացնում է Բաքվում դեռևս բանտարկված 19 հայերի հրատապ խնդիրը։ Նրանց շարունակվող գերությունը, որն ուղեկցվում է շինծու դատավարություններով և հենց այս ամսում կայացված ցմահ դատավճիռներով, մարդասիրական հստակ խոչընդոտ է, որը պետք է հաղթահարվի։ Այս անձանց ազատության ապահովումը պարզագույն և ամենաարդյունավետ քայլն է, որը Միացյալ Նահանգները կարող է իրականացնել՝ ապացուցելու համար, որ խաղաղության այս գործընթացը խարսխված է արդարության, այլ ոչ թե լոկ հարմարվողականության վրա։ Սա հանրային վստահություն ձևավորելու ամենաուղիղ և կարճ ճանապարհն է, որպեսզի հայ ժողովուրդը հավատա խաղաղության օրակարգին։ Առանց այս հիմնարար մարդասիրական քայլերի, տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը կզրկվեն երկարատև կայունության համար անհրաժեշտ հասարակական հիմքից։ Նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իսկական կայունությունը կառուցվում է ուժի և հստակ բարոյական հանձնառությունների միջոցով, հատկապես երբ խոսքը վերաբերում է խոցելի բնակչության և կրոնական ժառանգության պաշտպանությանը։ Ձեր ներկայությունը Հարավային Կովկասում հզոր ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջնորդել այս միջնորդությունը դեպի վերջնական, արդար և արժանապատիվ խաղաղություն։ Մենք հորդորում ենք Ձեզ՝ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները»: