Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Տնօրենի վարքագիծը որևէ կերպ չի կարող ասոցացվել պետական արտաքին քաղաքականության հետ». Հակոբ Բադալյան

«Տնօրենի վարքագիծը որևէ կերպ չի կարող ասոցացվել պետական արտաքին քաղաքականության հետ». Հակոբ Բադալյան
232
Կիրակի, 15 մարտի, 2026 թ., 16:54

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ստացվեց երկար, բայց որոշեցի անդրադառնալ նաեւ այս ասպեկտին:
Ցեղասպանության հուշահամալիր թանգարան-ինստիտուտը պետական կառավարման համակարգի մա՞ս է, թե՞ ոչ: Թանգարանի տնօրենն ու նրա գործողությունները պետական պաշտոնյայի վա՞րք են, թե՞ ոչ:
Այս հարցը շատ է քննարկվում հայտնի պատմության ֆոնին:
Թանգարան-ինստիտուտը իհարկե պետական ենթակայության է, բայց թանգարանի տնօրենը որեւէ կերպ չի կարող լինել պետական պաշտոնյա:
Մատենադարան ինստիտուտը եւս պետական է, եւ հարց է առաջանում՝ դրա տնօրենն ինչպե՞ս է դարձել Հանրային խորհրդի նախագահ: Նրանք, որոնք մատնացույց են անում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի «պետական կարգավիճակը», ինչպե՞ս են հենց իրենց իսկ նախաձեռնությամբ Հանրային խորհրդի անդամ դարձրել նույնպիսի պետական ենթակայության մեկ այլ «թանգարան-ինստիտուտի» տնօրենին: Կամ, ինչպե՞ս են նույն կառույցի անդամ դարձել պետական ենթակայության այլ հաստատությունների տնօրեններ կամ գեղարվեստական ղեկավարներ:
Եվ ինչու՞ են այդ հանգամանքի մասին լռում նաեւ նրանք, որոնք Ցղասպանության հուշահամալիր-թանգարան ինստիտուտի պարագայում խոսում են, թե տնօրենը ունի «պետական պաշտոնյայի կարգավիճակ»:
Պետական ենթակայության հանգամանքը սակայն, դեռ չի նշանակում, թե կառույցը պետական կառավարման համակարգի մաս է, իսկ տնօրենն էլ՝ պետպաշտոնյա: Հետեւաբար, տնօրենի վարքագիծը որեւէ կերպ չի կարող ասոցացվել պետական արտաքին քաղաքականության հետ: Ասոցիացիա կարող է առաջանալ մի դեպքում՝ երբ իրադարձությունը, որում դրսեւորվել է վարքագիծը, եղել է պետականորեն կազմակերպված:
Այդ համատեքստում գանք կոնկրետ դրվագին:
ԱՄՆ փոխնախագահի՝ ցեղասպանության հուշահամալիր կատարած այցը չի եղել պետականորեն կազմկերպված, այլ կայացել է ամմերիկյան կողմի ցանկությամբ: Վենսը Հայաստանում էր աշխատանքային այցով: Այդ այցերը արարողակարգով չեն նախատեսում այց Ծիծեռնակաբերդ: Դա Պաշտոնական կամ Պետական այցերի արարողակարգով է:
Պետական կառույցները, մասնավորապես ԿԳՄՍ նախարարը, պարզապես դիմավորել է Վենսին հուշահամալիրի մոտ, ինչը ընդամենը եղել է հյուրի հանդեպ վերաբերմունքի առանձնահհատուկ ժեստ, այլ ոչ թե պետական արարողակարգ:
Նույնպիսի ժեստ է եղել նաեւ Ցեղասպանության հուշահամալիր թանգարան-ինստիտուտի տնօրենի քայլը՝ հայտնի գիրքը նվիրել ԱՄՆ փոխնախագահին: Ընդ որում այն, որ գիրքը վերաբերել է ամերիկյան մամուլում Արցախի վերաբերյալ հրապարակումներին, վկայում է, որ նվիրողը կատարվել է իսկապես՝ գիտականորեն ուշադիր, միաժամանակ դիվանագիտորեն նուրբ ընտրություն:
Կրկնեմ, գիրքը նվիրվել է բացառապես ոչ պետական կազմակերպում ունեցած միջոցառման ընթացքում:
Ամփոփելով: Մեկնաբանությունը, թե տնօրենը պետական պաշտոնյա է ու պարտավոր է մնալ պետական քաղաքականության ծիրում, բացարձակ մտացածին է, կամ ընդամենը ենթակա է Նիկոլ Փաշինյանի կոնյուկտուրային բացատրությանը: Տնօրենը այդպիսի պարտավորություն ունի, եթե խոսքը պետականորեն կազմակերպված միջոցառումների մասին է»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան