Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Սա պետության կառավարման ղեկը ստանձնած մարդկանց նեղմտության դրսևորում է»․ Հակոբ Բադալյան

«Սա պետության կառավարման ղեկը ստանձնած մարդկանց նեղմտության դրսևորում է»․ Հակոբ Բադալյան
113
Այսօր, 19:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի․ «Ինչպես և սպասվում էր, քննիչը մերժել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վրաստան մեկնելու հնարավորություն ընձեռելը: Հայտնի է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին Վրաստանը հրավիրել է վրաց եկեղեցու Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը մասնակցելու համար:
Կարծում եմ՝ ողջախոհ որևէ մարդու համար կասկածի ենթակա չէ, որ Վեհափառին արգելելու որոշումը քաղաքական է և կայացված է վարչապետ Փաշինյանի մակարդակով:
Ես երկու օր առաջ առիթ ունեցա բնորոշել, որ այդպիսի իրողությունը խայտառակություն է մեր պետականության համար, ինչպես նաև՝ պետության կառավարման ղեկը ստանձնած մարդկանց նեղմտության դրսևորում:
Ինքնին փաստը, որ առաջացել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու համար լրացուցիչ դիմումի անհրաժեշտություն, արդեն իսկ ամոթալի և խայտառակ փաստ է: Իսկ այն մերժելը՝ կրկնակի:
Իհարկե քաղաքական իշխանության «ֆան-ակումբի» ներկայացուցիչների համար սա Գարեգին Երկրորդի հանդեպ «արժանի վերաբերմունք» է: Այս կատեգորիան ընդհանրապես չունի անդրադարձի կարիք, որովհետև ողջախոհության գծից անդին է:
Մտածելու, քննելու ունակ մարդկանց համար՝ ընդ որում անկախ նրանց քաղաքական հայացքներից և գաղափարներին, առավել քան պարզ է, որ «սեղանին» Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարց չէ, այլ՝ Հայ Առաքելական եկեղեցու և հայկական պետականության: Ժամանակակից հայի ինքնությունը հիմնված է այդ երկու սյուների կառուցվածքային ամբողջության վրա:
Ընդ որում, կառուցվածքային ամբողջությունը չի նշանակում բովանդակային, հայեցակարգային, դավանա-քաղաքական միաձուլում, նույնացում: Բացարձակապես: Կառուցվածքային ամբողջություն՝ երկու այդ ինստիտուտների բովանդակային, հայեցակարգային լիարժեք ինքնաբավության պայմաններում: Այլ կերպ ասած, ուժն այստեղ ձուլումը կամ խորքային նույնացումը չէ, այլ ինստիտուցիոնալ կենսագործունեության համալիր ներդաշնակեցումը:
Ընդ որում, այդ ներդաշնակեցման պատկերը կարող է ունենալ որակական տարբեր աստիճաններ, և այդ որակի հարցը պետք է լինի մշտական հանրային քննության ու քննարկման առարկա թեմա, պետական ու ազգային մշտական օրակարգ՝ բխելով հենց ամբողջական կառուցվածքի շահից:
Եվ այդ իմաստով, մինչ այժմ եղած «որակի պատմությունը» անկասկած ենթակա է քննարկման: Բայց, Նիկոլ Փաշինյանի դրածը որակի հարց չէ: Փաշինյանը դրել է ամբողջական կառուցվածքը քանդելու, ներդաշնակությունը լիակատար ենթակայության փոխակերպելու խնդիր: Ընդ որում, ենթակայություն նույնիսկ ոչ թե պետությանը, այլ ավտորիտար ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական կարիքներին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան