Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Մենք կայացած կուսակցություններ չունենք»․ Տիգրան Դավուդյան

«Մենք կայացած կուսակցություններ չունենք»․ Տիգրան Դավուդյան
101
Այսօր, 09:30

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր անկախությունից 35 տարի հետո մենք դեռ կայացած կուսակցություններ չունենք (չնչին բացառությամբ)։ Կուսակցություններն հիմնականում ենթարկվում են մեկ մարդու կամքին, որը հավանաբար հիմնադիրն է, ֆինանսավորողն է, նախագահն է, կամ ազդեցիկ դեմքը։ «Քաղաքացիական Պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նիստում ԱԺ պատգամավոր և ՔՊ անդամ Հակոբ Ասլանյանի հարցաքննությունն ու ստորացումը դրա վառ ապացույցն է։ ՔՊ-ի նախագահ Նիկոլ Փաշինյանը պրն Ասլանյանին կուսակցությունից հեռացնելուց առաջ հարցնում է. «Փաշինյան անձի դերը Ասլանյանի պատգամավոր ընտրվելու գործում ինչքա՞ն է գնահատում» և վերջինս պատասխանում է 99,99%։ Նույն օրինակները մենք տեսել ենք մյուս կուսակցություններում, իսկ Գագիկ Ծառուկեանի պահարանից հանված «ղազագիրները» բոլորին են հայտնի։ Ես կարող եմ օրինակներ բերել նաև ՀՅԴ-ից, երբ վերջին հիսունամյակում տիրում էր մենիշխանություն. կուսակցությունում հավասարակշռություն ստեղծող մեխանիզմները չէին աշխատում և տեղի կառույցները հիմնականում դարձել էին վերադասի հլու կամակատարները։ Երբ Փաշինյանը ՔՊ վարչության անդամների ներկայությամբ ստորացնում է Ասլանյանին, նա մյուս ներկաներին ևս հասկացնում է, որ բոլորին ինքն է պատգամավոր կամ վարչության անդամ ընտրել տվել և ոչ մեկը «չհամարձակվի թպրտալ»։ Ասեմ, որ ՀՅԴ-ն ըստ պահանջի է դատական մարմին կյանքի կոչում, իսկ ՔՊ-ում գործում է վերահսկող մշտական մարմին։ Ամիսներ առաջ ՔՊ-ի վերահսկող մարմնի նախագահը վարչապետի՝ այսինքն կուսակցության նախագահի հրամանով փոխնախարարի հավասար պաշտոն ստացավ։ Ես իրեն առաջարկեցի կուսակցության վերահսկողի պաշտոնից հրաժարվել, քանի որ ինքը պետական պաշտոն ստանալով, ՔՊ նախագահից կախվածության մեջ է ընկնում և հետայսու ո՞նց է ուզում «վերահսկել» կուսակցականներին և առաջին հերթին կուսակցության նախագահին։ Նա ո՞նց կհամարձակվի պրն Փաշինյանին հրավիրել վերահսկիչի նիստին և նրան նկատողության ենթարկի իր գռեհիկ բառապաշարի և հակակուսակցական մյուս արարքների համար։ Վերահսկիչն ինձ չլսեց. հետո նրան մեկ վերահսկիչուհու հետ հաճախ տեսնում էի «պատարագի շքախմբում»։ Հիմա նրանցից մեկը պաշտոնի բարձրացում է ստացել և «ժողովրդավար» պայմաններում ընտրվել է ՔՊ վարչության անդամ։ Ցավալի է, որ այս երիտասարդ կուսակցությունը ևս այսքան շուտ ճահճացավ. ցավոք, ՔՊ-ում չկա հեղինակություն վայելող գործիչ, որ կարողանա կուսակցության նախագահին խորհուրդներ տա, նրանից հաշիվ պահանջի, նրան քննադատի և զգաստության կոչ անի»։

Աղբյուրը`   Տիգրան Դավուդյան