Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներն են»․ Գարիկ Քեռյան

«Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներն են»․ Գարիկ Քեռյան
108
Այսօր, 11:00

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի դեմ ԱՄՆ/Իսրայել դաշինքի սանձազերծած պատերազմից անցել է մոտ երեք շաբաթից էլ ավելի և արդեն երևում են ակնհայտ իրողություններ, որոնք ամերիկյան ստրատեգները չկանխատեսեցին: Առաջին - տապալվեց Մերձավոր Արևելքում նախկինում փորձված և հաջողությամբ ավարտված սցենարը: Եկանք, հրթիռակոծեցինք, ղեկավարությանը ոչնչացրինք, երկրում ոտքի հանեցինք հակաիշխանական/կրոնական/էթնիկ/սեպարատիստական ուժերին, կազմավորեցինք լոյալ/հնազանդ իշխանություն և փառքով ավարտեցինք: Այս սցենարը իրագործվեց Իրաքում, Լիբիայում, կարելի ասել նաև ժամանակային ավելի մեծ ժամանակահատվածում նաև Սիրիայում: Երկրորդ - Իրանը հռթիռակոծվեց, կորցրեց իր առաջնորդներին, բայց ցույց տվեց պետական կառավարման չտեսնված ճկունություն: Սպանված ռազմաքաղաքական ղեկավարներիը փոխարինվում են նորերով վայրկյանների ընթացքում: Նույնիսկ դժվար է ասել, թե հիմա ով է Իրանի կառավարման բուրգի գլուխը: Երրորդ - տարածաշրջանի բոլոր պետությունները բացահայտ կամ թաքուն դժկամությամբ են վերաբերվում ահռելի կորուստների հանգեցնող պատերազմին: Չորրորդ - Իրանի դեմ հաղթանակով Թրամփը հավանաբար ցանկանում էր նաև հարվածել Ռուսաստանի և Չինաստանի դիրքերին, կրճատել նրանց ազդեցության և շահերի գոտիները: Սա նույնպես չի ստացվում: Հինգերորդ - Իրանի դեմ պատերազմում են երկու միջուկային պետություն: Նրանց ռազմական կարողությունները հարյուրապատիկ անգամ ավելին են: Պակաս է ցամաքային գործողության հնարավորությունը, Իրաքի սցենարը Բաղդադի գրավման նմանությամբ անհավանական է: Այս հանգամանքը մեծացնում է միջուկային հարվածների հավանականությունը, որը հուժկու հակաամերիկյան տրամադրություններ է գեներացնուն ամբողջ աշխարհում, նաև ԱՄՆ դաշնակիցների շրջանում: Վեցերորդ - Իրանը հսկայական կորուստներ է կրում, մարդկային, նյութական և այլն: Դրան հակառակ շատ արդյունավետ օգտագործում է հակառակորդին խեղճացնելու հզոր լծակը՝ Հորմուզի նեղուցը: Վաշինգթոնում չգիտեն այս հարցի լուծման տարբերակները: Օգտվում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, որոնց նավերը անխոչնդոտ երթևեկում են նեղուցով: Եվ վերջինը. յոթերորդ - ԱՄՆ ռազմավարական երկու գլխավոր դաշնակիցները Թուրքիան և Սաուդյան Արաբիան բավականին պասիվ, սպասողական և իներտ դիրքորոշում են որդեգրել: Իրանի անկումը կարող է իսրայելական հեգեմոնիայի հիմք ստեղծել, որն անցանկալի իրողություն կլինի նրանց համար: Բոլոր առումներով Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներ են»։

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան