Շաբաթ, 04 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Նիկոլիզմը հասարակությանն այլասերում է՝ վերածելով կառավարելի հոտի». Պետրոս Մակեյան

«Նիկոլիզմը հասարակությանն այլասերում է՝ վերածելով կառավարելի հոտի». Պետրոս Մակեյան
126
Այսօր, 01:06

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլիզմի «ֆենոմենը»՝
Հասարակությանն այլասերում են՝ վերածելով կառավարելի հոտի
2020թ-ին 44-օրյա պատերազմում կանխորոշված պարտության տանելուց հետո նիկոլիզմը մեկ խնդիր է լուծում՝ ամեն գնով պահել իշխանությունը, ստորադասելով պետական ու ազգային շահերը, կատարելով թշնամու բոլոր պահանջները, մուրալ «խաղաղության պայմանագիր» ստորացուցիչ պայմաններով՝ տանելով վերջնական կապիտուլյացիայի։
Մաս 3․
Երբ վերլուծում ենք 2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, համոզված կարելի է պնդել, որ պետք է լիներ երկրորդ փուլ, որի դեպքում անխուսափելի էր Նիկոլիզմի պարտությունը, դրա համար էլ գործի դրվեց մուկուչյանական մեթոդաբանությունը, ինչի արդյունքում ընտրողների մասնակցության թիվն ավելացավ և գերազանցեց 2018թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցներին, որը չունի որևէ տրամաբանական բացատրություն, հատկապես, հաշվի առնելով 2018թ ընտրությունների ժամանակ հասարակության շատ բարձր էմոցիոնալ տրամադրությունը, իսկ վերջին ընտրություններին ժողովրդի խիստ անկումային հոգեվիճակը, ինչպես նաև ընտրողների զգալի մասի պասիվությունն ու մասնակցություն չունենալը, հիմնավորում է 2021թ-ի ԱԺ ընտրություններին թվանկարչության առկայությունը։
Փաստորեն, համաձայն ընտրության արձանագրված արդյունքների, մասնակիցների 80 տոկոսից ավելին քվեարկել է երկիրն աղետի հասցրած ուժերի օգտին ի դեմս նախկին և գործող իշանությունների, ընդ որում ըստ արձանագրված տվյալների, 54 տոկոսը փաստորեն կողմ է քվեարկել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության վավերացմանը, բայց երբ ուսումնասիրում ու վերլուծում ես, իրական պատկերը այլ է։ Պարզվում է՝ 54 տոկոս ընտրազանգվածը հիմնականում ոչ թե քվեարկել է Ն․ Փաշինյանի օգտին, այլ ընդդեմ նախկինների, բայց ոչ թե նրանցից վախենալու, այլ վրեժխնդիր լինելու համար, որովհետև քվեարկողները մեծ հաշվով կորցնելու բան չունեին, որ նախկինների վերադարձից վախենային, ուղղակի այդ ընտրազանգվածը վրեժխնդիր է եղել նախկիններից՝ տասնամյակներ շարունակ իրենց ապրանքի վերածելու, ընտրություններին 5000-10000 դրամով գնելու և կրիմինալի վերահսկողությամբ ընտրատեղամաս ուղղորդելու համար։ Քվեարկության ժամանակ աշխատել է անձնական վրեժխնդրության գործոնը, ցավոք այն գործեց ընդդեմ ազգային շահի։ Ընտրություններում հակադրվեցին անձնական վրեժխնդրությունն ու ազգային արժանապատվությունը, որտեղ ցավոք պարտվեց ազգայինը, ինչն ազգային խայտառակություն էր։ Ընտրությունները չլուծեցին նաև քաղաքական ճգնաժամը, և այն, ինչ Փաշինյանն անընդմեջ կրկնում է, որ իրենք ժողովրդից մանդատ են ստացել, իրականության հետ որևէ աղերս չունի, ավելին՝ նրանք «մանդատը» ստացել են տասնամյակներ երկիրը ճահիճի մեջ ներքաշած այն ընտրազանգվածից, որոնք նախկինում քվեարկել են ընտրակաշառքով, իսկ վերջին ընտրություններում, ի հեճուկս նախկինների, քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին։
Իմ խորին համոզմամբ այդ ընտրազանգվածը բոլոր ժամանակներում քվեարկել ու քվեարկում է իշխանությունների օգտին։
Նիկոլ Փաշինյանը և իր թիմը 8 տարի ոչինչ չկարողացավ անել և երկիրը տարան պատերազմի ու պարտության՝ իր կործանարար հետևանքներով, այլևս ի վիճակի չեն որևէ բան դեպի դրական փոխել և նրանց իշխանավարումը ոչ միայն կորսված ժամանակ է, այլև լի աղետաբեր զարգացումներով։ Աններելին այն է, որ Նիկոլն արեց առավելագույնը՝ իրենից հետո հույսի ոչ մի շող չթողնելու համար։
Նիկոլիզմի հիմնասյուններից է նաև ազգային արժանապատվության իսպառ բացակայությունը՝ նպատակ ունենալով հասարակությանը վերածել կառավարվող հոտի, որով և վտանգում է պետականության գոյությունը»:

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան