«Արցախի բազմաթիվ եկեղեցիներում ոչ միայն չհնչեցին զանգերը, այլև այդ սրբավայրերը շարունակում են ենթարկվել ոչնչացման»․ Հովիկ Ավանեսով
144
Այսօր, 11:18
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովի ուղերձը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը քրիստոնեական աշխարհի մեծագույն և ամենախորհրդավոր տոներից է, որը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, լույսի հաղթանակը խավարի նկատմամբ, արդարության և ճշմարտության հաղթանակը անիրավության նկատմամբ։ Այս տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հավատքի, տոկունության և վերածննդի աղբյուրը։ Սակայն այս տարի ևս մենք դիմավորում ենք Սուրբ Հարության տոնը առանձնահատուկ ծանր հոգեվիճակում՝ պայմանավորված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգություններով և դրանց հետևանքներով։ Մեծ ցավով և մտահոգությամբ ենք արձանագրում, որ այս սուրբ օրը Արցախի բազմաթիվ եկեղեցիներում ոչ միայն չհնչեցին զանգերը, այլև այդ սրբավայրերը շարունակում են ենթարկվել համակարգված ոչնչացման՝ դառնալով մշակութային ցեղասպանության ակնառու զոհեր։ Արցախի տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը միտված է դրանց ինքնության աղճատմանը, յուրացմանը կամ լիակատար վերացմանը։ Արձանագրված են բազմաթիվ դեպքեր, երբ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ ենթարկվել են ավերման կամ դիտավորյալ վնասման։ Մասնավորապես, հիմնովին ոչնչացված կամ լրջագույն վնասների ենթարկված են Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), Տանձատափի եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին և բազմաթիվ այլ սրբավայրեր, որոնք դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի հոգևոր կյանքի և ինքնության կարևորագույն կրողներ։ Այս իրողությունները չեն կարող դիտարկվել բացառապես որպես առանձին դեպքեր․ դրանք վկայում են մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող նպատակային և համակարգված քաղաքականության մասին, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և համամարդկային արժեքներին։ Մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է ոչ միայն ազգային, այլև համաշխարհային նշանակության հանցագործություն, որը պահանջում է հստակ գնահատական և գործնական արձագանք միջազգային կառույցների կողմից։ Այս համատեքստում մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք միջազգային հանրության, մասնագիտական կառույցների և մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների պատասխանատվությունը՝ կանխելու նմանատիպ հանցագործությունները և ապահովելու դրանց պատշաճ արձագանքը։ Այնուամենայնիվ, Սուրբ Հարության խորհուրդը մեզ հուշում է, որ նույնիսկ ամենախավար ժամանակներում հույսը չի մարում։ Հարությունը հավատի, վերածննդի և նոր կյանքի խորհրդանիշ է, որը զորացնում է մեզ շարունակելու մեր պայքարը՝ հանուն մեր հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, վերականգնման և արժևորման։ Մենք համոզված ենք, որ մեր ժողովրդի հոգևոր ուժը, պատմական հիշողությունը և ազգային ինքնագիտակցությունը բավարար են հաղթահարելու այս փորձությունները և վերականգնելու արդարությունը։ Թող Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության լույսը լուսավորի մեր ժողովրդի ճանապարհը, ամրապնդի հավատը, ներշնչի համերաշխություն և նոր ուժ տա՝ դիմագրավելու առկա մարտահրավերներին։ Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։