Հինգշաբթի, 25 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ժամանակն է հայ-ռուսական հարաբերություններում վերականգնել կառուցողական ոգին»․ Թաթուլ Հակոբյան

«Ժամանակն է հայ-ռուսական հարաբերություններում վերականգնել կառուցողական ոգին»․ Թաթուլ Հակոբյան
31
Այսօր, 03:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում ընտրություններն արդեն անցյալում են, սակայն հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը շարունակում է պահպանվել:
Նախընտրական շրջանում Ռուսաստանը և Կրեմլի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն ու հասարակական-քաղաքական գործիչները բացահայտ կամ քողարկված աջակցում էին ընդդիմադիր ուժերին, միևնույն ժամանակ տարածելով վարկաբեկիչ և վիրավորական տեքստեր ու խոսքեր Հայաստանի իշխանությունների հասցեին:
(Պետք է ընդգծենք, որ իշխող ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և վարչապետ Փաշինյանին աջակցում էր հավաքական Արևմուտքը, բայց սա խոսակցության այլ թեմա է):
Ռուսաստանը 1991 թվականի անկախությունից ի վեր առաջին անգամ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, ինչը, ի դեպ, արել է 2018 և 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխող ուժը ստացավ համապատասխանաբար շուրջ 80 և 54 տոկոս քվե: Այս ընտրություններում այդ թիվը իջավ 50 տոկոսից:
Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը շարունակում է տնտեսական պատժամիջոցներ ու սահմանափակումներ կիրառել հայկական բիզնեսի նկատմամբ, ինչը հանրային մակարդակում որևէ դրական ընկալում չի ունենում:
Առավել մտահոգիչ է Ուկրաինայի օրինակն անդադար շրջանառության մեջ դնելը և Հայաստանին, որպես Արևմուտքի գործիք, ընդդեմ Ռուսաստանի ներկայացնելու ընդգծված քաղաքականությունը:
Ռուսաստանի նախագահի ավագ օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների նպատակը «Ռուսաստանի մասնակցությամբ գործող ինտեգրացիոն միավորումներին հարվածելն է: Պատրանքներ են ձևավորվում, որոնց համաձայն՝ կողք կողքի ապրող և միմյանց մշտապես օգնող ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը հնարավոր է փոխել։ Նայելով Ուկրաինայում կատարվող իրադարձություններին՝ հասկանալի է, թե ինչ ողբերգության դա կարող է հանգեցնել»:
Սա Հայաստանի հասցեին ուղղված հերթական սպառնալիքն է, որը չի կարելի զուտ հռետորաբանություն և քարոզչություն ընկալել:
Ժամանակին Ռուսաստանը ցավալի հարվածներ է հասցրել երկու հարևանների, որոնք փորձել են ընտրել եվրոպական ինտեգրումը: Դրանցից մեկը Վրաստանն էր: Ռուս-վրացական դիվանագիտական պատերազմը ի վերջո վերածվեց իրական պատերազմի 2008 թվականին: Ուկրաինայում կատարվողը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է Ռուսաստանը գործում, երբ Մոսկվայի ընկալմամբ հետխորհրդային որևէ երկիր փորձում է մերձենալ Եվրոպային:
Ուշակովի հայտարարությունն ուշագրավ էր նաև նրանով, որ առաջին անգամ նման բարձր մակարդակով փաստացի ընդգծվեց, որ Փաշինյանի այցելությունը Ռուսաստան ցանկալի չէ. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի շուրջ որևէ հստակություն դեռ չկա»։
Հայաստանի վարչապետը ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի նախագահի հետ, որի համաձայն՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո ինքը մեկնելու է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը քննարկելու նպատակով։
Չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը, կառուցվածքային իմաստով Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ ռազմավարական գործընկերներ:
Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերն է, Հայաստանը շարունակում է, ֆորմալ առումով, լինել ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ, ԵԱՏՄ հիմնադիր անդամ: Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմական ներկայության երկու մակարդակ. Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, իսկ հայ-իրանական սահմանների երկայնքով կանգնած են նաև ռուս սահմանապահները:
Այս վերջինը հատկապես ուշագրավ է նրանով, որ կյանքի է կոչվում հայ-ամերիկյան ԹՐԻՓՓ-ի ծրագիրը: Ռուսաստանը շարունակում է դա համարել տարածաշրջանից իրեն դուրս դնելու Արևմուտքի քաղաքականության մաս, մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանի անվտանգության ուժերը պիտի վերահսկեին Ադրբեջանից դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ անխոչընդոտ անցումը:
ԹՐԻՓՓ-ը անցնում է հայ-իրանական սահմանի՝ Արաքս գետի երկայնքով: Ի՞նչ կարգավիճակ են ունենալու ռուս սահմանապահները, արդյո՞ք նրանց համար տեղ մնալու է, թե՞ ոչ, և եթե ոչ, ապա ինչպես է դրան արձագանքնելու Մոսկվան:
Ժամանակն է հայ-ռուսական հարաբերություններում վերականգնել դրական և կառուցողական ոգին և վերադառնալ երկխոսության հուն՝ մի կողմ թողնելով հրապարակային, փոխադարձ վիրավորանքներն ու պիտակավորումները: Դիվանագիտության համար աշխատելու տեղ միշտ կա: Եվ, ի վերջո, դիվանագիտությունը հենց կնճռները հարթելու, առկա խնդիրները կարգավորելու մասին է»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան