Շաբաթ, 01 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործը դառնում է փորձություն իրավունքի հասկացության համար»․ Իսահակ Սրբազան

«Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործը դառնում է փորձություն իրավունքի հասկացության համար»․ Իսահակ Սրբազան
49
Այսօր, 11:42

Տ. Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Յուրաքանչյուր իրավակարգ, եթե իսկապես ցանկանում է արժանի և արդար լինել, պետք է մշտապես հիշի, որ իր օրինականությունն ու հեղինակությունը չեն բխում միայն օրենքի ձևական ու ընթացակարգային ուժից, այլ այն ճշմարտությունից, որի նկատմամբ օրենքը պատասխանատու է։ Այնտեղ, որտեղ իրավունքը կտրվում է բարոյական բանականությունից՝ դադարում է լինել արդարության արտահայտություն և վտանգում է վերածվել ուժի օրինականացված ձևի։
Այս պատճառով Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործի հարուցումը չի կարող գնահատվել զուտ իրավական ու ֆորմալ տեսանկյունից։ Անկախ գործի փաստական հանգամանքներից՝ այն դառնում է փորձություն իրավունքի հասկացության համար։ Այստեղ վճռորոշ հարցը ոչ թե այն է, թե արդյոք որևէ անձ վեր է օրենքից. քրիստոնեական ավանդույթը միշտ հուշել է, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է արդարության առաջ։ Ավելի հիմնարար հարցն այն է, թե արդյոք իրավունքը մնում է ճշմարտության ծառայության մեջ, թե սկսում է արտահայտել պատմական հանգամանքների կամ քաղաքական կամքի գերակայությունը։
Պետությունն ու Եկեղեցին տարբեր բնույթի իրականություններ են։ Պետության առաքելությունն է պահպանել հասարակական արդարությունը, իսկ Եկեղեցուն վստահված է հիշեցնել այն բարոյական ճշմարտության մասին, առանց որի նույնիսկ ամենակատարյալ իրավական համակարգը կորցնում է իր ներքին չափանիշը։ Երբ այս տարբերությունը մոռացվում է, պետությունը հակված է բացարձակացնելու սեփական իրավասությունը, իսկ հասարակությունը՝ իրավունքը շփոթելու իշխանության հետ։
Եթե քննությունը կատարվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով, անաչառությամբ և ճշմարտության նկատմամբ հավատարմությամբ, ապա այն կարող է ծառայել արդարությանը։ Սակայն եթե իրավական գործընթացն ստանում է այնպիսի բնույթ, որ կասկածի տակ է դրվում Եկեղեցու ազատությունն ու անկախությունը, ապա վտանգվում է այն վստահությունը, որի վրա հանգչում է իրավակարգը։ Իրավունքը չի կարող երկար գոյատևել այնտեղ, որտեղ այն այլևս չի ճանաչվում որպես արդարության արտահայտություն։
Եկեղեցու արժանապատվությունը չի բխում իշխանությունից և չի պահպանվում արտոնություններով։ Այն ծնվում է ճշմարտությանը հավատարմությունից, նույնիսկ երբ այդ հավատարմությունը պահանջում է կրել քննություն կամ անարդարության վտանգ։ Նույն կերպ պետության իրական կշիռն ու վեհությունը երևում է ոչ թե իր ուժի, այլ ինքնասահմանափակման կարողության մեջ, երբ այն ճանաչում է, որ մարդու խիղճը, հավատքը և Աստծու նկատմամբ պատասխանատվությունը չեն ստեղծվում քաղաքական իշխանության կողմից և չեն կարող ամբողջությամբ ենթարկվել նրան։
Որտեղ օրենքը և ճշմարտությունը բաժանվում են, տուժում են երկուսն էլ։ Իսկ որտեղ որ իրավունքը բաց է մնում բարոյական բանականության և մարդու մասին ճշմարտության առաջ, պետությունն ու Եկեղեցին, պահպանելով իրենց տարբեր առաքելությունները, կարող են համատեղ ծառայել այն արժանապատվությանը, որը քրիստոնեական ըմբռնմամբ արմատավորված է մարդու՝ Աստծու պատկեր և նմանություն լինելու մեջ»։