«Մեր երկրին հանրային նոր նախագծեր, քաղաքական նոր միտք է պետք»․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞րն է քաղաքացիների հայրենիքը.
«Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի տպագրության և դրա շուրջ քննարկումների մեջ իրականում վատ բան չկա։ Խնդիրը ոչ գիրքն է, ոչ՝ շնորհանդեսը։ Դա մեր ընդհանուր պատմությունն է։ Իհարկե, հասկանալի է զգացմունքային արձագանքը՝ հաշվի առնելով գրքի հեղինակի գործոնը։
Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը։ Եվ դա ոչ թե հակընդդեմ գիրք պիտի լինի, այլ՝ մեր նույն ընդհանուր պատմության կարևոր հարցերի վերլուծություն։
Ավելին, այն պետք է լինի ոչ այնքան անցյալի մասին, այլ՝ ջարդվող ապագայի։
Հեշտ հարցեր այլևս չկան։ Ի վերջո պետք է ընդունենք, որ հիմա գործ ունենք հայկական ինքնության խոր ճգնաժամի հետ, որը հայտնի չէ՝ ինչով կվերջանա։
Մի սրահում ասում են՝ մեզ էլի հեղափոխություն է պետք, մեկ այլ սրահում՝ հակառակը՝ պետք է դադարեցնել հեղափոխությունը։
Հեղափոխության տակ եթե հասկացվում է «դասակարգային պայքարը», ապա այն տոքսիկ ներկայից վերածվելու է ոչնչացված ապագայի։ Ընդ որում՝ շատ արագ։
Մոտավորապես երկու հավասար մասի բաժանված՝ 700/700 հազարական հասարակությունը չի լսում իրար և չի գտնում առաջընթաց ապահովող համակեցության բանաձևը։
Հայկական աշխարհի փլուզումը ընթացքի մեջ է, հեռանկարը՝ անորոշ։ Սփյուռքի մի մասը կտրուկ օտարացել է Հայաստանից։ Հայրենիքը Հայաստանի և սփյուռքի շատ հայերի համար վերածվում է ընդամենը համով ուտելու արեալի։ Ինքնության ճգնաժամի պայմաններում սա լրիվ բնական հետևանք է։
Պետք չէ խուսափել մեր կյանքի, մեր պատմության, մեր ներկայի որևէ խնդրի քննարկումից։ Սուբյեկտիվիզմը, իհարկե, լինելու է շատ մեծ։ Բայց չքննարկելը, չխոսելը ավելի վտանգավոր է։
Երբ հեղափոխականները խոսում են նոր հեղափոխության անհրաժեշտության մասին, այն այլևս չի առաջացնում որևէ էմոցիա ոչ միայն լայն հասարակության մոտ, այլև՝ սալոնային հեղափոխական էլիտայի։ Բոլորին պարզ է, որ պետությունը լուրջ խնդիրների առաջ է, իսկ «հեղափոխությունը» մտել է հակահեղափոխականներին, «կոնտրա»-ներին «բացահայտելու և վնասազերծելու» դասական փուլ։
Մեր երկրին նոր հանրային նախագծեր են պետք, նոր քաղաքական միտք, նոր տեսլական։ Մեր ժողովրդի և պետության տապալումների հիմքում նաև այն հանգամանքն է, որ մենք միշտ վախենում ենք ապագայից, փախչում ենք ապագայից, այնինչ ապագան միշտ գալիս է, և մենք միշտ լինում ենք անպատրաստ։
Ու մենք այս հոգեբանությամբ չենք ուզում, չենք համարձակվում մեր երկրում մեր ապագան մեր ձեռքերով կազմակերպել։ Ուրիշ տեղ՝ սիրով։ Անծայրածիր Ռուսաստանից մինչև Գլենդել մենք պատրաստ ենք մեզ համար ապագա կերտել, բայց հայրենիքում՝ ոչ։ Հայաստանից դուրս՝ այլ օտար պետություններում, կարելի է ապագա կերտել առանց կարծիք ունենալու, առանց տեսակետ ու տեսլական ունենալու, առանց քաղաքացի լինելու։
Իսկ հայրենիքում դա հնարավոր չէ։ Եթե քո պետության մեջ դու քաղաքացի չես ու չունես կարծիք, ապա պետությունը դառնում է վթարային։
Մի ռուսական ֆիլմ էի վերջերս նայում, ռուսական հեղափոխության ժամանակների մասին։ Երկու հեղափոխական բոլշևիկ զրուցում են, մեկը մի թեթև համարձակվեց քննարկել վերադասի ասածի իսկությունը։ Պատասխանը դասական էր՝ բոլոր հեղափոխությունների համար. Что за барские замашки – иметь собственное мнение!
Չգիտեմ՝ այսօրվա հետընտրական կեղտոտ, քանդված մթնոլորտում որո՞նք են ճիշտ քայլերը, բայց սեփական կարծիք ունենալն ու քաղաքացի լինելը՝ սեփական երկրում, պարտադիր է։ Ավելին, այսօր դա ազգային անվտանգության խնդիր է»։

«Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով ցուցմունքներ ստանալ, չէին ստացել, ու փորձում են վրեժ լուծել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
617:24
«Փաշինյանի կառավարության համար ԵԱՏՄ-ից հրաժարվելը հեշտ է, բայց հետո ինչի՞ց պետք է բռնվի՝ պարզ չէ»․ Արտակ Զաքարյան
2217:18
«Ներկա եմ եղել ԱԺ նիստին, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
3117:12
«Մեր երկրին հանրային նոր նախագծեր, քաղաքական նոր միտք է պետք»․ Վահե Հովհաննիսյան
4416:54
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6016:18
«Ամեն ընդդիմադիր չէ, որ հայրենասեր է»․ Նաիրի Հոխիկյան
6216:12
«Իրանը կշարունակի դիմադրությունը մինչև հակառակորդի լիակատար զղջումը»․ Փեզեշքիան
13716:01
«Դուք գանձ եք, պարո՛ն Ղազարյան»․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
6215:36