«Ապրում ենք «հետո կգնամ» ռեժիմով, իսկ արծիվը պարզապես թևերն է բացում ու գնում». Գոռ Հովհաննիսյան

«Հայկական էքստրիմ ակումբ»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էսօր մի բան հասկացա․ երևի մենք ենք սխալ տեսակը՝ այսինքն, մարդկանց, «բարձրակարգ» անվանում...
Քանի անգամ ենք կյանքում արծիվ տեսել։ Սարի գլխին նստած, երկնքում պտտվելիս, ճանապարհի կողքի ժայռին կանգնած...
Նայում ենք, ասում՝
«Աաա, արծիվ ա»,
ու գնում ենք մեր գործերով։
Իսկ էդ պահին հնարավոր է՝ էդ «պարզապես թռչունը» արդեն հազարավոր կիլոմետրեր է անցել, մի քանի երկիր է տեսել, անապատ է հատել, ծովի վրայով անցել, կլիմա փոխել ու հիմա ուղղակի կանգնել է ժայռին՝ մի քիչ հանգստանալու։
Վերջերս գիտնականները GPS հաղորդիչներով հետևել են մի քանի արծիվների միգրացիային, ու քարտեզը նայելուց հետո մի պահ սկսում ես սեփական կյանքիդ աշխարհագրության մասին մտածել։
Մի տափաստանային արծիվ 38 օրում անցել է մոտ 4,410 կմ ու հասել Սուդան։
Մյուսը՝ փոքր արծիվը, աշնանը Թուրքիայից մինչև Ուգանդա անցել է 5,080 կմ, իսկ գարնանը հետ է վերադարձել Ռուսաստան՝ ևս 6,786 կմ։
Այսինքն՝ մոտ 12 հազար կիլոմետր։ Մած յիվո կես տարում էդքան ճանապարհ։
Ու էստեղ ես մտածում եմ՝ մենք ինչքա՞ն ենք աշխարհ տեսել։
— Թուրքիայում եղե՞լ ես։
— Հա։
— Վրաստա՞ն։
— Հա։
— Էլ ո՞ւր։
— Դե... Բաթումի։
Իսկ էդ արծիվը նույն ժամանակահատվածում արդեն Աֆրիկա գնացել-եկել է։
Ու ամենահետաքրքիրը՝ ինքը Google Maps չունի։
Չունի նավիգացիա, տուրիստական ապահովագրություն, հյուրանոցի ամրագրում, ճանապարհային նշաններ։
Ու, ամենակարևորը, ճանապարհի կեսին չի կանգնում ու չի ասում.
«Արա, էս ո՞նց ենք գնալու, ինտերնետ չկա»։
---
Մենք էդ թռչուններին հաճախ մի տեսակ ցածրակարգ ենք պատկերացնում։
Մարդը՝ բանական կենդանի։
Թռչունը՝ դե թռչուն։
Բայց իրականում էդ կենդանին իր կյանքի ընթացքում կարող է տեսնել այնպիսի տեղեր, որոնց անունները մենք նույնիսկ քարտեզի վրա դժվարությամբ կգտնենք։
Մենք տեսնում ենք Սուդանը Google-ում։
Ինքը Սուդանում եղել է։
Մենք նայում ենք անապատի նկարներին։
Ինքը դրա վրայով թռել է։
Մենք կարդում ենք եղանակի մասին։
Ինքը եղանակի մեջ է ապրում։
Ու հանկարծ հասկանում ես, որ բնությունը մեզանից շատ բան է սովորել, իսկ մենք բնությունից՝ հիմնականում էնքան, որ «էս սունկը ուտելի՞ ա»։
---
Ու էդ քարտեզները ինձ հատկապես մի բան են մտածել տալիս։
Մարդիկ շատ հաճախ ասում են՝
«Կյանքը լոքշա դարձել»։
Բայց հետո նույն մարդիկ երեք տարի ապրում են նույն թաղամասում, նույն ճանապարհով գնում աշխատանքի, նույն սրճարանում սուրճ խմում ու արձակուրդին էլ ասում են.
— Դե երևի էլի նույն տեղը գնանք, էնտեղ լավ էր։
Հետո մի արծիվ է հայտնվում երկնքում ու տարվա ընթացքում մի քանի հազար կիլոմետր է անցնում։
Չգիտեմ, գուցե ինքը մեզ նայում է ու մտածում.
«Սրանք էսքան մեծ ուղեղ ունեն ու էսքան փոքր աշխարհում են ապրում...»
---
Էդ արծիվներից մեկի հաղորդիչը Սուդան հասնելուց հետո դադարել է աշխատել։ Գիտնականները չգիտեն՝ ինչ է պատահել։ Հնարավոր է՝ սարքն է խափանվել, ընկել է, կամ թռչնի հետ ինչ-որ բան է տեղի ունեցել։
Ու ստացվում է՝ մենք կարողացել ենք հազարավոր կիլոմետրերով հետևել նրա կյանքին, բայց վերջում էլի մի հարց է մնացել։
Ու դա, երևի, բնության ամենահետաքրքիր մասն է։
Մենք կարող ենք շատ բան չափել, հաշվել, քարտեզագրել, GPS դնել, բայց դեռ ամբողջությամբ չենք հասկանում՝ ինչպես են էս կենդանիները էս ամենը անում։
---
Ու մեկ էլ հիշեցի Մոնարխ անունով թիթեռներին։
Էդ թիթեռները Հյուսիսային Ամերիկայից մինչև Մեքսիկա կարող են անցնել մոտ 4,000–4,500 կմ։
Բայց ամենահետաքրքիրը սա է․ ամբողջ ճանապարհը մեկ թիթեռը չի անցնում։ Միգրացիան շարունակվում է մի քանի սերունդների միջոցով։
Այսինքն՝ մի թիթեռ սկսում է ճանապարհը, հետո մյուս սերունդն է շարունակում, հետո մյուսը։
Ու արդյունքում ստացվում է, որ էդ փոքրիկ կենդանիների մեջ կա մի ճանապարհի «հիշողություն», որը շատ ավելի հին է, քան իրենցից որևէ մեկի կյանքը։
Մենք երբեմն չենք կարողանում հիշել՝ անցած տարի որ ռեստորանում ենք լավ քյաբաբ կերել։
Իսկ էս փոքրիկ արարածները հազարավոր կիլոմետրերի ճանապարհ են պահում սերունդներով։ Բա...
---
Ու երևի հենց դրա համար էլ հաջորդ անգամ, երբ երկնքում արծիվ տեսնեք՝ մի պահ ավելի ուշադիր նայեք։
Մենք նրանց շատ անգամ տեսել ենք ու նույնիսկ չենք մտածել՝ որտեղի՞ց է եկել, ուր է գնում, ինչ է տեսել։
Մինչդեռ հնարավոր է՝ մեր կողքով հենց նոր անցավ մի կենդանի, ով այս մոլորակի մասին իր կյանքում ավելի շատ բան է տեսել, քան մեզանից շատերը։ Ավելի իմաստուն է ու գիտելիքներով լցված՝ քան տելեվիզրից խելացի դեմքով ու գալստուկով խոսացող էն դոցենտ հոպարը։
Ու գուցե խնդիրը նրանում էլ չէ, որ մենք քիչ ենք ճանապարհորդում։
Գուցե ուղղակի շատ ենք ապրում «հետո կգնամ» ռեժիմով։
Հետո կգնամ էդ երկիրը։
Հետո կտեսնեմ էդ սարերը։
Հետո կգնամ էդ ճանապարհով։
Հետո...
Իսկ արծիվը պարզապես թևերն է բացում ու գնում։
Հա, երբեմն ուղղակի պետք է իրենց օրինակով դուրս գալ տնից։
Պլյուս իրենցից սովորելու բաներ շատ կան, որովհետև իրենք ապրում են էս մոլորակի հետ, իսկ մենք ուղղակի ապրում ենք էս մոլորակի վրա։ Էդքանն էլ հերիք չի՝ հարամում ենք էս չքնաղ մոլորակը։
Հ.Գ.
Էս ամբողջ պատմությունից հետո մի բան հաստատ է՝ մենք Երկիր մոլորակի ամենաանհետաքրքիր բնակիչներն ենք։ Ու էս ընդամենը արծիվների հնարավորությունների մասին էր»։

Դատարանը վերջին պահին դադարեցրել է կնոջ մահապատիժը, որը առաջինն էր լինելու Թենեսիում վերջին 200 տարվա ընթացքում
5422:07
«Ապրում ենք «հետո կգնամ» ռեժիմով, իսկ արծիվը պարզապես թևերն է բացում ու գնում». Գոռ Հովհաննիսյան
4121:42
«Իսրայելի կառավարությունը կարող է խոցել ինքնաթիռը, եթե այն մտնում է Իսրայելի օդային տարածքը». Արտյոմ Չերնամորյան
5421:06
«Խուսափե՛ք զեղծարարությունից․ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության ԿԲ-ի կողմից լիցենզիա չի տրամադրվել»․ ԿԲ
5820:54
««Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը՝ ներկայիս կազմով․ որոշումը մենք չենք կայացրել»․ Հրայր Ավետիսյան
8720:24
«Ըստ նախագծի՝ առաջին հեռախոսի համար գանձվելու է 3000 դրամ, երկրորդի դեպքում՝ մինչև 100 000». Հարություն Մնացականյան (տեսանյութ)
9320:18
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփին ներգաղթյալներին արտաքսել երրորդ երկրներ
13220:13
Բացահայտվել է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների կողմից ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձին կաշառք տալու դեպք (տեսանյութ)
6720:06