Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ոչ մի երեխա չպետք է դպրոցից տուն վերադառնա կոտրված ինքնագնահատականով»․ Անուշ Պողոսյան

«Ոչ մի երեխա չպետք է դպրոցից տուն վերադառնա կոտրված ինքնագնահատականով»․ Անուշ Պողոսյան
35
Երեկ, 23:30

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներառական կրթությունը Հայաստանում ներդրվեց դեռևս 2001 թվականին, իսկ 2014 թվականին պետությունը պաշտոնապես անցում կատարեց համընդհանուր ներառական կրթության համակարգին։
Արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ խոսում ենք բոլոր երեխաների համար հավասար կրթական հնարավորությունների մասին։ Սակայն այսօր էլ բազմաթիվ բողոքներ են հնչում ներառական կրթության համակարգի հետ կապված։
Ծնողների կողմից բարձրաձայնվում են դեպքեր, երբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները դպրոցներում բախվում են տարբեր խոչընդոտների, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ թիրախավորման ու խտրական վերաբերմունքի։ Հատկապես մտահոգիչ են այն ահազանգերը, երբ նման վերաբերմունքը դրսևորվում է նաև դպրոցի ղեկավարության մակարդակում։
Եվ այստեղ խնդիրը միայն կրթությունից դուրս մնալը չէ։
Երեխային մշտապես առանձնացնելը, պիտակավորելը, մերժված կամ «անցանկալի» զգացնել տալը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նրա հոգեվիճակի վրա՝ առաջացնելով անհանգստություն, վախ, ինքնագնահատականի անկում, դպրոց գնալու նկատմամբ բացասական վերաբերմունք և սոցիալական մեկուսացում։
Իսկ երբ երեխան արդեն ունի առողջական կամ հոգեբանական դժվարություններ, դպրոցական միջավայրի կողմից լրացուցիչ ճնշումը կարող է ավելի բարդացնել նրա առողջական վիճակը և խոչընդոտել կրթական ու սոցիալական զարգացմանը։
Երեխայի առողջական կամ հոգեբանական առանձնահատկությունը նրան մեղադրելու, թիրախավորելու կամ կրթական գործընթացից դուրս մղելու պատճառ չէ։ Ընդհակառակը՝ հենց այդ դեպքում է դպրոցը պարտավոր առավելագույն աջակցություն ցուցաբերել։
Հույս ունեմ, որ Երևանի N113 դպրոցի շուրջ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները կստանան օբյեկտիվ և բազմակողմանի գնահատական, իսկ եթե արձանագրվեն իրավախախտումներ կամ պաշտոնեական թերացումներ, պատասխանատուների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ։
Եթե ձեր երեխան կամ ձեր ծանոթ ընտանիքի երեխան դպրոցում բախվել է ներառական կրթության հետ կապված խնդիրների, թիրախավորման, խտրական վերաբերմունքի կամ առողջական/հոգեբանական առանձնահատկության պատճառով կրթական իրավունքի սահմանափակման դեպքերի, գրեք ինձ անձնական նամակով։
Պետք է հասկանալ մի պարզ բան․ դպրոցը չպետք է լինի այն վայրը, որտեղ երեխան և ծնողը ստիպված են պայքարել արժանապատվության, հոգեկան հանգստության և առողջության համար։
Ոչ մի երեխա չպետք է դպրոցից տուն վերադառնա կոտրված ինքնագնահատականով»։

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան