Շաբաթ, 03 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Նման «արտիստների» Հայաստան բերելը ոչ թե մշակույթ է, այլ հոգևոր ապականություն»․ Սամվել դպիր Գրիգորյան

«Նման «արտիստների» Հայաստան բերելը ոչ թե մշակույթ է, այլ հոգևոր ապականություն»․ Սամվել դպիր Գրիգորյան
32
Այսօր, 09:48

Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՄՈՐԳԵՆՇՏԵՐՆԻ ՇՈՈՒԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՅՆ ՉԵՂԱՐԿԵԼ․
Ինչպես գիտեք Մորգենշտերնը (իմաստային՝ Լյուցիֆեր)՝ Ալիշեր Վալեևը նախատեսել է դեկտեմբերի 19-ին ելույթ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Միջոցառումը ներկայացվում է 18+ տարիքային սահմանափակմամբ։
Սակայն հարցը երաժշտական ճաշակի մասին չէ։ Ի՞նչ բովանդակություն, ի՞նչ աշխարհայացք և ի՞նչ «մշակույթ» ենք պատրաստվում մեծ բեմ տրամադրելով ներմուծել ու հանրայնացնել Հայաստանում։
Եկե՛ք քննենք, թե ինչու է պետք հրաժարվել Մորգենշտերնի համերգին մասնակցելուց և ինչու է հիմնավոր պահանջել դրա չեղարկումը։
1․ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԸ
Նա տարիներ շարունակ դեմքին կրել է «666» դաջվածքը, իսկ իր անվան իմաստը Լյուցիֆերի հետ կապելով, հայտարարել է․ «Ես լույս բերող դևն եմ»։
Նրա անձը, ստեղծագործությունը և հանրային վարքագիծը վաղուց դարձել են հակաբարոյականության, հակաքրիստոնեականության և դեգեներատիվ մշակույթի բացահայտ մարմնավորում:
Իր տեսահոլովակներում նա միտումնավոր կերպով օգտագործում է սատանայական սիմվոլիկա, հանդես գալիս որպես հակաքրիստոնեական կերպար։ Այսինքն՝ սատանայական կերպարը նրան դրսից փակցված պիտակ չէ․ այն եղել է իր իսկ գիտակցաբար կառուցած հանրային կերպարի բաղկացուցիչ մասը։
2․ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՂՐ ԵՎ ՊՂԾՈՒՄ
Նրա տեսահոլովակներում և հրապարակումներում տեղ են գտել քրիստոնեական խորհրդանիշների ծաղրի և եկեղեցական միջավայրի բացահայտ սրբապիղծ օգտագործման դեպքեր։
Սանկտ Պետերբուրգի դատարանն արգելել է Մորգենշտերնի տեսահոլովակը, որտեղ նա ներկայանում է Հռոմի պապի կերպարով, հոգևորականի կերպարով հանդես եկող DJ Smash-ը նրան տալիս է էքստազի հիշեցնող հաբ, իսկ եկեղեցական միջավայրը վերածվում է խնջույքի՝ սեռական բնույթի տեսարաններով։
3. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՐՈԶ․ ԴԱՏԱԿԱՆՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՓԱՍՏ, ԳԵՐԴՈԶԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱԼԿՈՀՈԼ
Նա անձամբ է պատմում օգտագործած թմրամիջոցների, գերդոզավորման հետևանքով սրտի կանգի, ալկոհոլիզմի, հալյուցինացիաների, թմրամիջոցների կամ ալկոհոլի ազդեցության տակ համերգների մասին։
Նրա երգերում թմրամիջոցների օգտագործումը ներկայացվել է այնպիսի ձևով, որ 2021-ին Մոսկվայի Զյուզինոյի շրջանային դատարանը Մորգենշտերնին մեղավոր է ճանաչել համացանցի միջոցով թմրամիջոցների քարոզի համար և տուգանել 100 հազար ռուբլով։
4․ ԳՌԵՀԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՌԱԿԱՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՆՈՋ ՕԲՅԵԿՏԱՅՆԱՑՈՒՄԸ ՆՐԱ ՍՏԵՂԾԱԾ ՀԱԿԱՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՉԵՆ
Նրա ստեղծած հակամշակույթի մյուս առանցքը սեռական գռեհկաբանությունն է՝ հայհոյախոսությունը, կնոջ մարմնի օբյեկտայնացումը, պատահական սեռական կապերի ու մարմնական հաճույքի ցուցադրությունը, պոռնկության և սեռական անբարոյականության սովորականացումը։
Այստեղ գռեհկությունը պատահական բառ կամ մեկ անհաջող տեսարան չէ․ այն տարիներ շարունակ եղել է վաճառվող բեմական կերպարի և արտադրանքի բաղադրիչ։
5․ ՓՈՂԸ, ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՔՍԸ, ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ՀԱՃՈՒՅՔԸ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ «ՀԱՋՈՂ ԿՅԱՆՔԻ» ՊԱՏԿԵՐ
Մորգենշտերնի ստեղծած կերպարի խնդիրը միայն առանձին անպարկեշտ բառերը չեն։ Դրանց հետևում մի ամբողջ արժեքային համակարգ է՝ փող, ցուցադրական հարստություն, թանկարժեք մեքենաներ, սեռական հաճույք, ալկոհոլ, թմրամիջոցային պատկերներ, սեփական անձի ցուցադրություն և բարոյական սահմանների ծաղր։
6․ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՊՂԾՈՒԹՅԱՆ, ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ
Գռեհկության սահմանները հասնում են այնտեղ, որ նա անգամ 50-ամյա մոր մասին խոսել է ծայրահեղ սեռականացված և անպարկեշտ բառապաշարով՝ չթաքցնելով իր պիղծ հակումները։
Նույն ցինիզմը երևացել է անգամ բարեգործության մասին խոսելիս․ ծանր հիվանդ երեխայի բուժման դրամահավաքին մասնակցելու մասին պատմելիս ինքն է խոստովանել, որ իր սկզբնական շարժառիթներից մեկը երեխայի՝ ոստիկանության մայոր մոր միջոցով ոստիկանների մոտ իր համար «միավորներ վաստակելն» էր։
Նրա երգ կոչվածները լի են հայհոյախառն, պիղծ արտահայտություններով։
7․ ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼԻՍ «18+» ՊԻՏԱԿՈՎ
«18+» պիտակը բարոյական արդարացման վկայական չէ։ Այն չի կարող գռեհկությունը դարձնել մշակույթ, սրբապղծությունը՝ արվեստ, կնոջ օբյեկտայնացումը՝ ազատություն կամ մարդու ստորին կրքերի շահագործումը՝ ստեղծագործական արժեք։ Տարիքային սահմանափակումը պարզապես սահմանափակում է մուտքը․ այն չի փոխում ներսում մատուցվող բովանդակության բնույթը։
ԱՅՍՊԻՍՈՎ․ Երևանում նման ելույթի անցկացումը ոչ թե պարզապես ժամանցային միջոցառում է, այլ քրիստոնյաների կրոնական զգացմունքների ոտնահարում, պղծության բացահայտ քարոզ, ուղղակի հարված մեր հասարակության բարոյական հիմքերին, ավանդույթներին և հատկապես երիտասարդության հոգևոր անվտանգությանը։
Նման «արտիստների» բերելը Հայաստան և նրանց համար հսկայական դահլիճներ տրամադրելը ոչ թե մշակույթ է, այլ հոգևոր ապականություն։
Այս ամենը բավարար հիմք է, որպեսզի քրիստոնյաները, հայ հասարակությունը, մտավորականությունը և յուրաքանչյուր ողջամիտ հայ մարդ բարձրացնի իր ձայնը և հակազդի։ Սա համերգ չէ, սա մեր հասարակության դեմ ուղղված հերթական հոգևոր դիվերսիան է, որը պետք է կանխվի։
Գիտակից և ողջախոհ հասարակության կողմից համերգի չեղարկումը պահանջելը հրապարակային դիրքորոշում է այն մասին, թե ինչ մշակույթի հանրայնացմանն ու հեղինակավորմանը չենք ցանկանում մասնակցել մեր երկրում»։