Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան

«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
59
Այսօր, 01:06

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էներգետիկ գաղութացման ուրվականը․․․
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել է տարածաշրջանում կանաչ էներգետիկայի զարգացման, Կասպից ծովից դեպի Եվրոպա ձգվող «կանաչ միջանցքի» մասին՝ կանաչ էներգետիկան կոչելով «խաղաղության դիվիդենտ»։ Նա նաև անդրադարձել է 800 գիգավատտի պոտենցիալ ունեցող քամու էներգիայի և Հայաստանի հետ էներգետիկ փոխկապակցվածության մասին։
Կասպից ծովից մինչև Եվրոպայի սահման ատոմային էլեկտրակայան ունի միայն Հայաստանը։ Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման։ Ի՞նչ է փոխարենն առաջարկում Ադրբեջանը։ «Կանաչ» հոսանք մատակարարել Հայաստանին։ Այսինքն․ խաղաղություն եք ուզում, փակեք ատոմակայանը, մենք ձեզ հոսանք կմատարարարենք։ Հավանաբար հենց սրա համար է ԹՐԻՓՓ-ում հայտնվել «էներգետիկ» բաղադրիչը։
Ադրբեջանն ավելի քան երեք տասնամյակ պահանջում է փակել Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ ՀԱԷԿ-ը, շատ լավ գիտակցելու կայանի դերը մեր էներգետիկ անկախությունն ապահովելու տեսանկյունից։ Հայաստանը միշտ հրաժարվել է։ Իսկ հիմա Ադրբեջանը ՀԱԷԿ-ի փակում կապակցում է «խաղաղության» հետ։
Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա։ Անկախ Հայաստանի էներգետիկ կախվածությունն Ադրբեջանից։ Ականջահաճո կանաչ էներգիան այլևս Հայաստանը գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան