«Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով»․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը։
Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետևող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը և աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա։
Սրտանց շնորհավորում եմ ժուռնալիստների միությանը այդպիսի հիմնավոր հայտարարության հրապարակման առիթով»։
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն էր տարածել՝ «Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին» վերնագրով, որտեղ մասնավորապես նշված էր․ «Փաստացի Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրեն սանձարձակ է պահում քաղաքական ընդդիմախոսների, իրեն քննադատող քաղաքացիների նկատմամբ, շարունակ հայհոյում, սպառնում ու վիրավորում նրանց, այլև վաղուց արդեն նրա ու իր քաղաքական թիմի թիրախում զանգվածային լրատվամիջոցներն ու իր տեսակետն անվերապահորեն չկիսող ու իրեն անհարմար հարցեր տվող լրագրողներն են:
Նույնիսկ միջազգային չափանիշներով անհամաչափ ու աննախադեպ տույժերն ու տուգանքները, որոնցով դատական ակտերի միջոցով փորձում են լռեցնել լրատվամիջոցներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, Նիկոլ Փաշինյանին չեն բավարարում, ու վերջինս պատերազմ է հայտարարել լրագրողներին, լծվել լրագրողներին ահաբեկելու, սպառնալու, վիրավորանքներ հասցնելու, հանիրավի մեղադրելու գործին:
Հայաստանի ժուռնալիստների միությունը բազմիցս իշխանություններին և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին հորդորել է կոռեկտ լինել լրագրողների հետ զրույցներում, զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ գռեհիկ բառապաշարից, չխոչընդոտել նրանց աշխատանքը, հարգել այն, անգամ, եթե լրագրողն անվերապահորեն չի կիսում իր մտքերը կամ օրակարգերը, սակայն մեր ջանքերն ապարդյուն են անցել:
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին։ Պետության ղեկավարի պաշտոնը ոչ միայն իշխանություն է, այլև հանրային պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը ենթադրում է նաև հարգանք լրագրողի ու նրա մասնագիտական աշխատանքի նկատմամբ։
Դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ ի՞նչ կլիներ պետության այն ղեկավարի հետ, եթե վերջինս իրենց երկրներում իրենց իսկ երկրների լրագրողների հետ խոսեր նման անհարգալից կերպով, հայհոյախառն, սպառնալիքներով լի բառապաշարով, եթե անդադար վիրավորեր ու նվաստացներ լրագրողներին: Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշումների, լրատվամիջոցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում:
Ակնկալում ենք միջազգային լրագրողական կազմակերպությունների և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների հրապարակային արձագանքը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսևորվող նման վարքագծին»։

«Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»․ հարց՝ Աննա Գրիգորյանին (տեսանյութ)
2715:06
«Փաշինյան Նիկոլը կրկնօրինակում է Սարգսյան Սերժին»․ Կարեն Հեքիմյան
4314:48
«ՆԱՏՕ-ն բացահայտորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության»․ Զախարովա (տեսանյութ)
7114:37
«Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը»․ Թագուհի Թովմասյան
5014:30
«Խաղաղությունը վերջնական դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ ու այդ մի խոչընդոտն ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան
5914:18
«Եթե Նիկոլ Փաշինյանի ասած ստերը հավաքեն, հանրագիտարանի նման բազմահատորյակ կստացվի»․ Ոսկան Սարգսյան
5914:12
«Հայաստան բառն իրենց համար ծխածածկույթ է, որ թաքցնեն հակաՀայաստան լինելը»․ Նիկոլ Փաշինյան
6614:06
«Այս ուժերը հանդես են գալիս պատերազմի ու կոնֆլիկտի ԴՆԹ-ն պահպանելու տրամաբանությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7314:00