Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

ՔՊ-ում քննարկում են նաև արտահերթ ընտրությունների սցենարը․ «Ժողովուրդ»

ՔՊ-ում քննարկում են նաև արտահերթ ընտրությունների սցենարը․ «Ժողովուրդ»
39
Այսօր, 09:12

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հարցը դարձնել առաջիկա քաղաքական գործընթացների գլխավոր թեման։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է առաջիկայում անձամբ հանրությանը ներկայացնել, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ նոր Սահմանադրություն, ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը և ինչ ճանապարհով է պատրաստվում հասնել դրա ընդունմանը։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկանում է մինչև Սահմանադրության նոր նախագծի հրապարակումը հանդես գալ հստակ ուղերձներով՝ հանրությանը ներկայացնելով գործողությունների ամբողջական ծրագիրը։ Խոսքը ոչ միայն նոր Սահմանադրության բովանդակությունը բացատրելու, այլև այն մասին է, թե ինչ գործընթացներ են սկսվելու նախագծի հրապարակումից հետո, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն խորհրդարանում և քինչպես է իշխանությունը պատրաստվում հարցը հասցնել հանրաքվեի։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի հաշվարկն այն է, որ այս հարցում պետք է նախապես ձևավորել հանրային աջակցություն, ապա քաղաքական ու խորհրդարանական գործընթացների միջոցով ապահովել նախագծի առաջխաղացումը։ Այսինքն՝ վարչապետը պատրաստվում է ոչ միայն ներկայացնել նոր Սահմանադրության անհրաժեշտությունը, այլև հանրությանը ներգրավել դրա ընդունման քաղաքական գործընթացում։ Սակայն սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանության ներսում քննարկումները միայն այս սցենարով չեն սահմանափակվում։ ՔՊ-ում արդեն իսկ քննարկվում է նաև հնարավոր ձախողման տարբերակը, որը կբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։ Աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում չեն բացառում, որ եթե սահմանադրական փոփոխությունների գործընթացը չընթանա Փաշինյանի ծրագրած ճանապարհով, վարչապետը կարող է արագ գնալ արտահերթ ընտրությունների։ Ընդ որում՝ ՔՊ-ում, ըստ մեր տեղեկությունների, այս տարբերակն ամենեւին էլ անհավանական չեն համարում և պատրաստ են նաև նման զարգացումների։ Իշխանական շրջանակներում, կարծես թե, վստահ են, որ արտահերթ ընտրությունների դեպքում կարող են ավելի մեծ ներկայացվածությամբ վերադառնալ խորհրդարան՝ այսօրվա ընդդիմադիր ուժերին դուրս թողնելով պառլամենտից»։

Մանրամասները՝ թերթի համարում։