Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Թեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ. ՀԲՃ

Թեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ. ՀԲՃ
64
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 16:15

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը դիտողություններ և առաջարկություններ է արել «Թեղուտ» ՓԲԸ-ի արդյունաբերական նպատակով Դեբեդ գետից 296.5լ/վ և լցակույտերի դրենաժի համակարգից 8.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության հայտի և նախագծի վերաբերյալ։

Ձեր ուշադրության ենք ներկայացնում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղած մեր պաշտոնական դիմումը․

1. Հայտում չգտանք Դեբեդ գետի ջրաբանական տվյալների աղյուսակները, ջրի որակի ցուցանիշները, բնապահպանական թողքի հաշվարկը, քանակները և այլ ջրօգտագործողների մասին տեղեկությունները։

2․ Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին՝ հաշվի առնելով մեթոդիկան և տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները։ Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձևը և աստիճանը, ջրի քանակական և որակական կազմը և այլ գործոններ: Բնապահպանական թողքը պետք է ապահովի գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման հաստատված պլան մենք չգտանք, որի հետ կարելի էր համեմատություններ անել՝ ինչը խնդրահարույց է։

3․ Հիմնարար խնդիր է մնում ելակետային հավաստի և վստահություն ներշնչող ջրաբանական տվյալների առկայության հարցը։ Դեբեդ գետից նախատեսվում է վերցնել 296.5լ/վ քանակությամբ ջուր (տարեկան 8,7 մլն խոր/մետր), որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ բնական միջավայրի, ջրի քանակի և որակի, էկոհամակարգերի ու մնացած ջրօգտագործողների վրա։ Նախատեսվում է նաև մի քանի կետերում կեղտաջրերի արտահոսք Շնող, Խառատաձոր և Փիջուտ գետեր, որոնք հետո հայտնվելու են Դեբեդ գետում՝ Շնող վտակի միջոցով։ Հայտում չկան հաշվարկներ, թե ինչ ազդեցություն կունենան այդ կեղտաջրերը Դեբեդ գետի ջրի որակի վրա, որն առանց այն էլ վատ որակի է այդ հատվածում՝ այլ աղտոտումների արդյունքում։ Կարծում ենք, որ կարիք կա ունենալու նաև ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։

4․ Խնդիրը նրանում է, որ գետերից նման մեծ քանակությամբ ջրառի դեպքում տարվա ջրասակավ ժամանակաշրջանում գետի ջրի քանակի էական նվազման արդյունքում շատ հաճախ ունենում ենք ջրի որակական կազմի անթույլատրելի վատացում, որը հաճախ չի ապահովում ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը։ Շատ հաճախ նաև այդ ջրերը վերածվում են ոռոգման համար ոչ պիտանի ջրերի։ Հայտում չկան կամ չգտանք այնպիսի հաշվակներ Դեբեդ, Շնող, Խառատաձոր և Փիջուտ գետերի համար, որոնք ցույց կտային կեղտաջրերի արտահոսքերի պատճառով ջրերի որակի իրական փոփոխությունների պատկերներն ըստ ջրաբանական սեզոնների։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ հաշվի առնվեն բոլոր գործոնները, կատարել այդ հաշվարկներն ու ներկայացնել մոդելները։

5․ Հստակ պահանջ պետք է դրվի տնտեսվարողի վրա, որ ջուրն օգտագործելուց հետո բնությանը վերադարձվի այնպիսի որակի ջուր, ինչպիսին այն եղել է ջրառի կետերում։ Դրա համար նախ պետք է ունենալ ջրառի կետերում գետերի ջրի որակական կազմի և ֆիզիկա-քիմիական ցուցանիշների ամբողջական և հավաստի տվյալներ, իսկ կեղտաջրերի թափման բոլոր կետերում պետք է լինեն ջրի որակի մշտադիտարկման կետեր՝ ամենօրյա պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Պետք է ջրի որակի մշտադիտարկման կետ լինի նաև Դեբեդ գետի վրա՝ Շնող գետի միախառնվելու կետից մոտ 500 մետր ներքև։ Այդ պայմանները չբավարարելու դեպքում՝ տնտեսվարողը պետք անցնի լրիվ ջրի շրջանառու համակարգի կիրառմանը և բացառի կեղտաջրերի արտահոսքը բնական միջավայր։

6․ Ջրառի կետում պետք է լինի բնապահպանական թողքի քանակի վերահսկման առցանց համակարգ, որը թույլ կտա պետական լիազոր մարմիններին և շահագրգիռ քաղաքացիներին հետևել այդ թողքի պահպանման պահանջների կատարմանը։

7․ Դեբեդ և Շնող գետերի ավազաններում կան նաև այլ ջրօգտագործողներ, որոնք տարբեր նպատակներով ջրառ են կատարում։ Արդյո՞ք հաշվարկվել է, թե ինչ ազդեցություն կունենա նման քանակության ջրառը մյուս ջրօգտագործողների վրա և արդյո՞ք չի խախտվի նրանց իրավունքները և ջրօգտագործման թույլտվությունների մեջ նշված պայմանները։ Գնահատվե՞լ է արդյոք բոլոր ջրօգտագործողների գործունեության կուտակային ազդեցությունը գետերի ավազանների, ջրերի որակի և ջրային էկոհամակարգերի վրա։

8․ Արդյո՞ք հայտում հաշվի առնվել են կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրային հոսքերի նվազման միտումները գետերի բնապահպանական թողքերի հաշվարկման ժամանակ և դրանց ազդեցությունը գետային էկոհամակարգերի վրա։

Եզրակացություն․ հաշվի առնելով վերոնշյալ բացթողումները, հարցադրումները և տարբեր միջոցառումներ կատարելու առաջարկները՝ կարծում ենք, որ ջրօգտագործման թույլտվության հայտը պետք է մերժվի, քանի որ այս պայմաններում հնարավոր չէ ճիշտ գնահատել և հաշվարկել էկոլոգիական ու այլ ազդեցությունների աստիճանը, ինչպես նաև պատշաճ վերահսկել բացասական հետևանքները։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն