Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջադրելու մասին. «2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։
Ազգային ժողովը մերժել է Հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:
ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին Հանրապետության նախագահի ՆԿ84-Ա կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ և հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։
Հայտ ներկայացրած 28 թեկնածուների հետ հարցազրույցի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ փակ ընթացակարգով ներկայացրել էր իր անհատական կարծիքը։ Ամփոփելով այդ կարծիքները՝ Հանրապետության նախագահին էր ներկայացվել հետևյալ 3 թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան: Ցուցակում թեկնածուների ներառման հերթականությունը պայմանավորված էր խմբի անդամների կողմից նրանց տրված համապատասխան դրական կարծիքների քանակով:
Հանրապետության նախագահը ներկայացված ցուցակից նույն հերթականությամբ հաջորդաբար առաջադրել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին:
1. Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց 2018թ. հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2018թ. հոկտեմբերի 23-ին:
2. Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մարտի 21-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. ապրիլի 16-ին:
3. Արթուր Վաղարշյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. մայիսի 29-ին:
4. Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվեց 2019թ. մայիսի 30-ին: Ազգային ժողովը նրան ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր 2019թ. հունիսի 18-ին:
5. Գոռ Հովհաննիսյանը 2020թ. հուլիսի 27-ին հրաժարվեց կրկին առաջադրելու նպատակով իր թեկնածությունը քննարկելուց:
6. Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրվում է երկրորդ անգամ:
Հանրապետության նախագահը ստորագրել է Արթուր Վաղարշյանի առաջադրման գրությունը:
Այսպիսով, Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրումները կատարել է խորհրդատվական աշխատանքային խմբի առաջարկած թեկնածուներից՝ ցուցակում նրանց հերթականության կարգով:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հստակորեն հայտնեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը:
Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ և դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ՝ Նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն:
Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար: Սահմանադրական դատարանի կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից: Լիարժեք և արդյունավետ կգործի ժողովրդավարական կառավարման համար կարևորագույն զսպումների ու հակակշիռների սահմանադրական սկզբունքը և կապահովվի անաչառ սահմանադրական արդարադատություն»:

«Զինծառայողի մահվան դեպքով 1 անձ կալանավորվել է»․ Կիմա Ավդալյան
8216:42
«Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ»․ ՍԱՏՄ
10216:00
Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ (տեսանյութ)
11413:42
«ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն»․ Ռոմանոս Պետրոսյան
11112:36
Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է (տեսանյութ)
11510:00
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին
28326.09.2026, 16:42
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
27926.09.2026, 15:30
ԿԸՀ-ն նիստ է անցկացրել
27626.09.2026, 13:12