Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ
209
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 18:25

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ:

Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից:

Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:
Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:

Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:

Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար»: