«Միջազգային հանրությունն անուշադրության է մատնում ցեղասպանությունների ժխտումը և արդարացումը». Զոհրաբ Մնացականյանի ելույթը
206 Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 23:25 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ 12-րդ նախարարական հանդիպմանը, որում մասնավորապես ասել է. «Պաշտպանելու պատասխանատվությունը և՛ քաղաքական, և՛ բարոյական հանձնառություն է: Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայից բխող իրավական պարտավորությունների հետ մեկտեղ այն նաև կանխարգելման կարևոր գործիք է: Որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի ամրապնդմանը նպաստելը: Գրասենյակի կայուն և արդյունավետ գործունեությունն այսօր շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն: 2015թ-ին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: Մենք հետևողականորեն ընդգծել ենք ինչպես ազգային, տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում կարողությունների ուժեղացման անհրաժեշտությունը՝ վերհանելու և հասցեագրելու վաղ կանխարգելման ազդակները, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ոճրագործությունների: Ընդգծել ենք նաև վաղ փուլերում ցեղասպանությունն ու այլ զանգվածային ոճրագործությունները կանխելու անհրաժեշտությունը: Բոլոր ցեղասպանությունները կարող էին կանխարգելվել՝ լինի դա Հայոց ցեղասպանությունը, Հրեաների հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը կամ այլ ոճրագործություններ: Ատելության, անհանդուրժողականության, ծայրահեղականության, պատերազմի քարոզչության, ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների դեմ խտրականության տարածումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության վրա թիրախավորված հարձակումները շարունակում են ձևավորել աշխարհի տարբեր անկյուններում ներկայիս իրականությունը։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը և իր անդամ երկրները դեռևս լավ պատրաստված չեն այս ահազանգին ժամանակին և վճռական կերպով հակազդելու համար։ Լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ միջազգային հանրությունն անուշադրության է մատնում հնչեցվող սպառնալիքները, այդ թվում՝ անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ժխտումը և արդարացումը՝ միահյուսված որոշ քաղաքական գործիչների կողմից զոհերի սերունդներին անցյալի «դասերը» հիշեցնելու մասին ագրեսիվ և վիրավորական բառապաշարով. սա չափազանց անհանգստացնող է։ Ապագա հանցագործները քաղաքակիրթ աշխարհի նորմերի նկատմամբ նման բարբարոս խախտումների մասին լռությունը մեկնաբանում են որպես սպանության թողտվություն: Ոչ մի պարագայում ինքնիշխանությունը չի կարող արդարացում դառնալ մարդու իրավունքների ծանր և կոպիտ խախտումներ իրականացնելու համար նրանց հանդեպ, ովքեր խաղաղ իրացնում են իրենց մարդու իրավունքները, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը: Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո: Այս առումով պաշտպանելու պատասխանատվությունը շատ կարևոր է, քանի որ այն հիշեցնում է, որ ինքնիշխանությունը ոչ թե անպատժելիության արտոնությունն է, այլ՝ պատասխանատվություն: Ինքնիշխանությունը պետք է լինի հենց պաշտպանելու պատասխանատվության արդյունավետ կիրարկման առաջնային և ամենագործնական մակարդակը: 2015թ. ի վեր Հայաստանը պարբերաբար հյուրընկալել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումներ՝ համախմբելով ցեղասպանության կանխարգելման ոլորտում հայտնի գիտնականների և գործիչների ամբողջ աշխարհից: Սա է մեր անսասան հանձնառությունն ու ներդրումը ցեղասպանության հանցագործության և այլ զանգվածային ոճրագործությունների դեմ համաշխարհային համայնք կառուցելու գործում: Առաջիկա 4-րդ գլոբալ ֆորումը կրելու է «Կանայք և աղջիկները. մարտահրավեր զոհի կարծրատիպին» խորագիրը և հասցեագրելու է կանանց և աղջիկների նկատմամբ ցեղասպան բռնության հիմնական պատճառները և հետևանքները: Համաժողովին անդրադարձ է կատարվելու սեռական և գենդերային բռնությունները կանխարգելելու և իրավախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը: Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը կիսում ենք բոլորս, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ ակտիվորեն նպաստելու գլոբալ կանխարգելման օրակարգի առաջմղմանը»: |
Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղը
115Երեկ, 20:36«Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև»․ Գարեգին Բ
25409.05.2024, 13:30«Ակցիայի մասնակից երկու անձ է ձերբակալվել՝ զենք պահելու կասկածանքով»․ ՔԿ
26609.05.2024, 12:48«Հաստատվել է «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»․ Հայկ Կոնջորյան
23309.05.2024, 11:54Սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է. ԱԱԾ
22909.05.2024, 10:30«Վերստին կհաղթենք, եթե...». Սերժ Սարգսյան
76109.05.2024, 09:30«Դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը». վարչապետ
20509.05.2024, 09:18Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցն ավարտվել է (տեսանյութ)
21909.05.2024, 01:24