Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք». Արցախի նախագահ

«Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք». Արցախի նախագահ
409
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 19:10

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ,
Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն:
Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին:
Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին:
Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»:

«Մենք պիտի պարտադրենք զինադադար։ Եթե մենք զինադադար խնդրենք, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ։ Թուրքիային Արցախը հետաքրքիր չէ, իրեն ամբողջ Հայաստան աշխարհն է հետաքրքիր՝ իր պանթյուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով»,- ասել է Արայիկ Հարությունյանը կամավորականների հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: