Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
351
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 17:55

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները՝ զարգացնելով հաջողությունը և զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես կապի մեջ լինելու և զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին: