Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ադրբեջանը խոսում է երևակայական հաջողությունների մասին և կեղծ լուրեր տարածում». ՀՀ ԱԳՆ

«Ադրբեջանը խոսում է երևակայական հաջողությունների մասին և կեղծ լուրեր տարածում». ՀՀ ԱԳՆ
366
Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 02:30

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության եւ կեղծիքների արշավով:

Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որեւէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երեւակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրեւ թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում:

Այս շարքից է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը:

Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետեւանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, եւ լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին:

Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաեւ հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման եւ պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար:

Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից»։