Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ադրբեջանի ԱԹՍ-ների հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի խախտում են. ՄԻՊ

Ադրբեջանի ԱԹՍ-ների հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի խախտում են. ՄԻՊ
561
Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 19:15

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Զեկույցն ուղարկվել է միջազգային կառույցներին ու լրատվամիջոցներին, Հայաստանի պետական մարմիններին, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին:

Ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումները Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքները

Ադրբեջանի հարձակման առաջին օրից՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական անձանց Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հայաստանում:

Ադրբեջանն օգտագործում է ռազմական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ-ներ)՝ որպես քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ ագրեսիվ ու առանց տարբերակման (indiscriminate) հարձակման միջոցներ: Այդ հարձակումները ինտենսիվ են և անընդհատ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա քննությունը վկայում է, որ Ադրբեջանն օգտագործում է տարբեր տեսակի ԱԹՍ-ներ՝

• հետախուզական ԱԹՍ-ներ, ի թիվս այլնի՝ Orbiter -2, Orbiter – 3, Aerostat.

• հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ Harop, Zaoba-1K, Sky Striker.

• հետախուզահարվածային ԱԹՍ-ներ, ի թիվս այլնի՝ Bayraktar TB-2, AN-2:

Դրոնների հարձակումներն արձանագրվել են Հայաստանի և Արցախի տարբեր գյուղերում ու քաղաքներում: Այս հարձակումների արդյունքում սպանվել ու վիրավորումներ են ստացել քաղաքացիական անձինք, ավերվել են քաղաքացիական տներ:

Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ խիտ բնակեցված քաղաքները (Հադրութ, Ստեփանակերտ և այլն) շարունակական թիրախային հարձակումների ներքո են նշված ԱԹՍ-ներով:

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ԱԹՍ-ները հարձակման են ենթարկում Հայաստանի քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի շրջակա Կութ, Սոթք, Շատվան, Շատջրեք, Նորաբակ, Տրետուք, Կուտական գյուղերը: Նման հարձակման վերջին դեպքերից մեկը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան ու Մեր Մասրիկ գյուղերում: Արդյունքում մեկ քաղաքացի սպանվել է, իսկ երկուսը՝ ստացել վիրավորումներ, այրվել են բնակելի տներ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները վկայում են, որ նշված գյուղերի նկատմամբ գրեթե բոլոր հարձակումները տեղի են ունեցել ուշ երեկոյան կամ գիշեր ժամանակ, երբ մարդիկ տանն են կամ քնած՝ գլխավորապես: Մեկ այլ հատուկ բան է այն, որ այդ ԱԹՍ-ները հարվածում են միայն քաղաքացիական այն օբյեկտներին, որոնք մարդաշատ են կամ առկա են մարդկային կուտակումներ՝ հնարավորինս մարդկային շատ զոհեր ու վնասներ պատճառելու համար: Օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցներում շատ քաղաքացիական անձինք պնդել են, որ ԱԹՍ-ները 1 մեքենայի կամ 1 մարդու չեն հարվածում. դրանք թիրախավորում են իրար մոտ գտնվող կամ երթևեկով երկու և ավելի մեքենաներ, ավտոբուս, տներ և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ հենց Շատվան գյուղում էր, որ Պաշտպանն ու իր աշխատակազմը փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս տեսավ ադրբեջանական ԱԹՍ-ների հայտնվելը և ստիպված եղավ կասեցնել փաստահավաք աշխատանքը:

Անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ ԱԹՍ-ների հարվածները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի պահանջներին: Այդ կարգավորումներով նախատեսված պահանջների անգամ մեկ խախտումը հարվածը դարձնում է անիրավաչափ:

ԱԹՍ-ների հարվածների իրավաչափության գնահատումն ունի կարևոր նշանակություն, քանի որ միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքն ունեն տարբեր կանոններ առ այն, թե երբ և ինչպես պետք է կիրառվի մահացու ուժը:

Միջազգային մարդասիրական իրավունք

• Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ զինված հակամարտության կողմերը պետք է միշտ տարբերակեն քաղաքացիներին կոմբատանտներից, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերը և ռազմական օբյեկտները: Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ների հարվածներով որևէ տարբերակում չի դրվել: Հակառակը՝ քաղաքացիական բնակավայրերը թիրախավորվել են մտադրված:

• ԱԹՍ-ների մահացու հարվածները ռազմական օբյեկտներին կլինեն ոչ իրավաչափ են, եթե քաղաքացիներին պատճառված վնասը կանխատեսվող կոնկրետ և ուղղակի ռազմական առավելության նկատմամբ չափազանց մեծ է: ԱԹՍ-ների նման հարվածների արդյունքում չկա կանխատեսվող կամ ձեռքբերված կոնկրետ և ուղղակի ռազմական առավելություն:

Մարդու իրավունքների միջազգային իրավունքը

• Կյանքի իրավունքը համընդհանուր պարտադիրություն ունի բոլոր ժամանակներում բոլոր պետությունների համար և իրենից ներկայացնում է jus cogens նորմ (իրավական պահանջ): Այն կիրառելի է նաև զինված հակամարտություններում և դրանցից դուրս դրոնների հարվածների կիրառման դեպքերում: Արդեն իսկ սպանվել են քաղաքացիական անձինք ԱԹՍ-ների կամայական (arbitrary) հարվածների հետևանքով:

• Զինված հակամարտության պայմաններում կյանքի իրավունքը կարգավորվում է միջազգային մարդասիրական իրավունքով՝ այն պահանջով, որ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում մահացու ուժի կիրառումը չհանգեցնի անհատի կյանքի իրավունքի կամայական զրկման: Միջազգային մարդասիրական իրավունքի որևէ կանոն չի արդարացնում քաղաքացիների թիրախավորումը, որի արդյունքում առկա են անհատի կյանքի իրավունքի կամայական զրկման դեպքեր:

Նշված գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային իրավունքի՝ կյանքի իրավունքը պաշտպանող բոլոր հնարավոր կարգավորումների կոպիտ խախտումներ են:

Վերը շարադրված բոլոր փաստերն ու գնահատականները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա քննության արդյունքներն են: Այդ արդյունքները հիմնված են Հայաստանի Օմբուդսմանին ներկայացված՝ քաղաքացիական անձանց ահազանգերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների և հայտարարությունների, միջազգային և տեղական լրատվամիջոցների հրապարակումների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տվյալների, պաշտոնական աղբյուրներով այդ թվում՝ Հայաստանի Օմբուդսմանի հրատապ հարցումներով հաստատված տվյալների վրա: