Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հակառակորդի հարձակողական բռունցքի կոտրումն իրականացված է մեր կողմից». Ա. Հովհաննիսյան

«Հակառակորդի հարձակողական բռունցքի կոտրումն իրականացված է մեր կողմից». Ա. Հովհաննիսյան
434
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 22:25

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Պաշտպանության բանակը բազմիցս ընդգծել է իր հանձանառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ. «Այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները, սակայն, ամբողջությամբ այլ են․ իրենք այդ պայմանավորվածությունները, կարծես թե, մեկնաբանում են որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցապահայությանը բնաջնջելու թույլտվություն։ Դա այդպես չի կարող լինել։ Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը Արցախի ժողովրդի դեմ ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ և հետայսու ձեռնարկելու է նույն քայլերը»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ հակառակորդի հարձակողական, լայնածավալ բռունցքի, թափի կոտրումն իրականացված է հայկական ուժերի կողմից, որից հետո շարունակվում են այլ բնույթի գործողություններ, որոնք, ըստ Հովհաննիսյանի, դանդաղ, օջախային, սողացող բնույթ ունեն. «Հեշտ չէ միանգամից չեզոքացնել բարդ լեռնաանտառատեղանքում բավական մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չէ, որ իրենք այստեղ մեծ հաջողություններ ունեն, որովհետև, ինչպես ասում ենք՝ մենք մեր տունն ենք պաշտպանում, մենք մեր տան տերն ենք և հաղթելու ենք միանաշանակ»,- ասաց Հովհաննիսյանը: