Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պետք է խորությամբ հասկանանք՝ ինչը այնպես չենք արել, ինչու այնպես չենք արել և երբ այնպես չենք արել»․ վարչապետ

«Պետք է խորությամբ հասկանանք՝ ինչը այնպես չենք արել, ինչու այնպես չենք արել և երբ այնպես չենք արել»․ վարչապետ
890
Շաբաթ, 19 դեկտեմբերի, 2020 թ., 10:45

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողություններիդադարեցման 40-րդ օրը: Այդ պատերազմը մեզ համար ծանր հետևանքներ ունեցավ: Մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում և այս կապակցությամբ ՀՀ-ում եռօրյա սուտգ է հայտարարված:

Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում առանց կասկածի: Մենք ազգովի անցել ու անցնում ենք մղձավանջի միջով: Երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել, երբեմն թվում է՝ մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո:

Այս ամենի հետևանքով ձևավորվել է և ձևակերպվել մի մեծ հարցական, իսկ ինչ ենք անելու հաջորդիվ, ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո և որն է լինելու մեր նպատակը: Ինչու ամենը այսպես դասավորվեց, ինչու այսպես եղավ:

Ես իհարկե ստանձնել եմ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը, որը կրում եմ ի պաշտոնե և ասել եմ, որ խորնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որ մեր ժողովուրդը կկայացնի: Բայց ես չեմ կարող չասել, եթե քավության նոխազի ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ամենևին օգտակար չէ տեղի ունեցածն իր խորության ու ամբողջության մեջ հասկանալու համար: Մի բան, որ անհրաժեշտ է ապագան կառուցելու և անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից:

Սա իհարկե, չի նշանակում, թե պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չպետք է իրականացվի, կոնկրետ դրվագներով մեղավորները չպետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն, բայց մեզ իրականության ավելի խորը վերլուծություն է հարկավոր, որովհետև տեղի ունեցածը չէր կարող մեկ կամ մի քանի հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալլների հետևանք լինել: Պետք է առերեսվել իրականության հետ և խոստովանել, որ մենք սխալներ ենք գործել երկար տարիներ, մեր գործած սխալներն ունեցել են համակարգային, հայեցակարգային, բովանդակային բնույթ: Այս ամենը բերել է այնպիսի հետևանքների, որոնք սպառնալիք են ստեղծում անգամ մեր պետական ինստիտուտների համար:

Հասկանո՞ւմ էի այս ամենը վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ և դրանից հետո: Իհարկե, այո: Փորձո՞ւմ էի արդյոք փոխել իրադրությունը, իհարկե այո: Բայց հիմա առավելևս համոզվում եմ, որ պատմության պտտվող թափանիվը կանգնեցնելու ժամանակը պարզապես չկար: Դիմադրությունը հուսահատ էր, բայց ոչ անիմաստ: Ու սա ասում եմ համոզված, որովհետև այսօրվա իմ ուղերձի իմաստն ու նպատակը երկրում ինստիտուցիոնալ հուսահատություն սերմանելը չէ, այլ ընդհակառակը, լավատեսություն ու հույս կերտելը նույնիսկ նրանց համար, որոնք մտածում են կամ մեկնաբանում են, որ այսպիսով գուցե ավարտվում է մեր պատմությունը:

Այն, որ մենք մեր պատմության մի շրջափուլ ավարտումենք, ակնհայտ է, բայց իսկական ողբերգությունը հենց այն կլինի, եթե շարունակենք ապրել ավարտի ու ավարտական տրամաբանության մեջ: Հենց սրանում է իմ մենամեծ մտավախությունը, որ մենք այդպես էլ չկարողանանք հաղթահարել ավարտի ու ավարտկան այս տրամաբանությունը ու շարունակենք մնալ նրա մեջ, շարունակենք վնասել ինքներս մեզ:

Ամեն մի փլուզում, որքան էլ այն դաժան հնչի զրոյական կետ է նորը ստեղծելու հնարավորություն և հենց այսօր, հենց հիմա ուզում եմ չմոռանանք այս մասին: Քավ լիցի, խոսքը ամենևին նոր օրվանից հենց այնպես նոր կյանք սկսելու մասին չէ: Նման բանի մասին խոսելը չափազանց շուտ է, բայց մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ ապրեցնի: Առաջին հերթին մեր նախատակների, նրանց երեխաների, նրանց ծնողների, սևազգեստ մայրերի, սպիտկամորուս դարձած հայրերի, աչքը ճանապարհից չկտրող երեխաների: Իսկ սրա համար մենք պետք է խորությամբ հասկանանք՝ ինչը այնպես չենք արել, ինչու այնպես չենք արել և երբ այնպես չենք արել»: