Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ինչո՞ւ է աղմկում Բաքուն». Լևոն Բարսեղյան

«Ինչո՞ւ է աղմկում Բաքուն». Լևոն Բարսեղյան
239
Երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ., 21:42

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է աղմկում Բաքուն
Ճամփա բացելու Ալիևի թարմ հիստերիայից դատելով, 25 տարի ավելի շատ տառապել են Հայաստանի տարածքով աշխարհ ելնելու դարդից, քան կորցրած հողերի ու տված զոհերի դարդից: Երևի ավելի շատ՝ «Բրիթիշ Պետրոլյում»-ից և այլոց Ադրբեջանում արած ներդրումներից (Բաքու-Մառնեուլ-Ջեյհան և այլն) հետո է տառապել: Հիշում եմ, թե ինչպես էին 12-15 տարի առաջ հազար ձևով ասում-խոսում-համոզում, թե բա՝ ախր Հայաստանը սաստիկ տուժում է, ուրիշներն են շահելու տրանզիտից, բայց հմտորեն իրենց փակած ճամփեքը Հայաստանի վրա թանկ ծախել էին ուզում, Ղարաբաղը ետ տվեք՝ բացենք բլոկադան, Թուրքիան էլ՝ նույնը: Շատ ընդհանրական գրեցի, բայց իմաստն այդ էր վայնասունի, ու հիմա երկրորդ ռաունդն է էդ խոսակցության: Շատ է խոսելու ու հոխորտալու դեռ, թե սուվերեն միջանցք (այսինքն սեփական իրավազորության տակ եղող) է ուզում Հայաստանից, բայց ուրախ կլինի, որ ճանապարհները բացվեն գոնե:
Ճամփեքի բացվելը մեզ լավ է, թե վատ, ես իմ կարծիքն ունեմ, հիմա էական չէ, քաղաքագետները, տնտեսագետները խորը և համապարփակ վերլուծություն թող անեն, հատուկենտ և Ալիևից ոչ պակաս հիստերիկ ճիչերը հաշիվ չեն: Այլ բան եմ ուզում հիշեցնել, որ շատերն հիշել են, ու երբեմն արտահայտվել անցած ամիսներին: Թուրքերը 25 տարի ասում էին՝ հողերը ետ տվեք, ճամփան բացեմ, կամ մոտավորապես այդպես՝ զորքերը հանեք՝ ճամփեքը բացեմ և այլն: Իրենց հատուկ վարպետությամբ սակարկելու տեղ միշտ թողած եղել են: Հիմա, որ մեկն ուղիղ ասի՝ դե բաց արա, հողերը ետ եք պոկել ախպորդ հետ, մի բան էլ ավել, ինչ է ասելու:
Մյուսը Հայաստանի աշխարհագրական դիրքի ողբն է, որ լսել ենք ու լսում ենք, ծով չունենք, կողքուբոլորից շրջապատված ենք թշնամիներով, սենց էլ զուլում կլինի, ոխերիմ բարեկամը Հայաստանին կթում ու ռազմավարական դաշնակից է խաղում, սաղ քարուքռա է: Էս ողբասացներին դեռ ուսանողական տարիներից խնդրել եմ ուշադիր նայել քարտեզին, տեսնել, որ ուշագրավ շախմատային տախտակի վանդակների պես ենք դասավորված , քարտեզը մաթեմատիկական իմաստով ածանցեք, կտեսնեք, որ մեր հյուսիսային և հարավային հարևանները կարող են Հայաստանով ամենաշահեկան ձևով հաղորդակցվել, արևելյանն արևմտյանի հետ նորից ամենաշահեկան ձևով կարող են Հայաստանի տարածքով հաղորդակցվել, կամ էլ Հայաստանը շրջանցելու են այդ զույգերը, ինչն ավելի թանկ է լինելու, ինչպես օրինակ Բաքու-Ջեյհանի, Բաքու-Կարսի դեպքում եղավ, ոչ միայն կառուցման այլև պահպանման ու տրանզիտի իմաստով թանկ: Վերջը էս բլոկ քարտեզը սարքեցի, ցույց տալու համար, որ ինչ էլ լինի, երբ էլ լինի, Հայաստանի էս մի բուռ տարածքը տրանզիտի համար շատ հարմար է լինելու ու նկրտումներ են լինելու միշտ: Պոզիտիվ և նեգատիվ սցենարներով նկրտումներ, այսինքն կամ խաթրով ու շահով կամ զոռով ու շառով են փորձելու տրանզիտ անել: Այս քարտեզը 12 տարի առաջ եմ սարքել, վերջին պատերազմը այս քարտեզում բան չի փոխել:
Էս պատմության մեջ, կարելի է կարծել նաև, որ անցած պատերազմը մի քիչ ավելի շատ տրանզիտի ու այդով տնտեսական շահի պատերազմ էր, քան հողերի վերադարձի: Կարող է և սխալվում եմ, կներեք:
Մեր ոխերիմ բարեկամի որակը, հզորության չափն ու դրանցից բխած դիրքորոշումը շարունակում է մնալ էական այս և հարակից խնդիրների մասով: Ռուսաստանը առայժմ կարողանում է մնալ այնպիսի խաղացող տարածաշրջանում, որի հետ Հայաստանի հարևանները հաշվի չնստել չեն կարող: Ցավալին այն է, որ Հայաստանի բոլոր անցած և առկա իշխանությունները, նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունները համարել են ու համարում են, որ Հայաստանն այնքան կարողություն չունի, որ չշարժվի Կրեմլի թելադրանքով: Էս մասին մեկ այլ անգամ կգրեմ»:

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան