Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Պատվաստվելու ցածր ցուցանիշի միակ բացատրությունը պետության ձախողումն է». Ռաֆայել Թեյմուրազյան

«Պատվաստվելու ցածր ցուցանիշի միակ բացատրությունը պետության ձախողումն է». Ռաֆայել Թեյմուրազյան
651
Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 23:36

Պրոֆեսոր Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ourworldindate-ի՝ Հայաստանը covid-19-ի դեմ աշխարհի ամենաքիչ պատվաստված երկրներից է (բնակչության մոտ 8%-ը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին, ամբողջական՝ ընդամենը 4.9%-ը)։ Հայաստանից վատ ցուցանիշ ունեն միայն Աֆղանստանը, Սիրիան և աֆրիկյան երկրների մեծ մասը։ Մեր երկիրն այս ցուցանիշով 5-7 անգամ հետ է համաշխարհային միջինից, 10+ անգամ՝ ԵՄ երկրներից և նույնիսկ Իրաքից՝ 1.5 անգամ։ Պատվաստման ցուցանիշները երկրների քաղաքակրթվածության աստիճանի ցուցիչ են դարձել։ Մեր երկրում covid-19-ից ամեն օր տասնյակ մարդիկ են մահանում. այս մահերի մեծ մասը կարելի էր կանխել։ Խոսքն ամսական մի քանի հարյուր կյանքի մասին է։

Պորտուգալիայում (87%) մեկ միլիոն բնակչի հաշվով վերջին երկու շաբաթում մահացել է 9 մարդ, Հայաստանում՝ մոտ 10 անգամ ավել, բայց սա չի նշանակում, թե Հայաստանում մարդիկ բութ են և այսպես զանգվածաբար չեն հասկանում պատվաստումների կարևորությունը։

Հայաստանն այլ պատվաստումների 95+% ցուցանիշ ունի արդեն տասնյակ տարիներ, ուրեմն՝ խնդիրը չիպերի, 5G-երի կամ սատանաների մասին լուրերը չեն. դրանք ամեն տեղ էլ կան, նախկինում Հայաստանում էլ են եղել, և որևէ ազդեցություն չեն ունեցել։ Մասնավորապես, ժամանակին սոցիալական քարտերի (համարների) համար էլ ոմանք մեծ աղմուկ բարձրացրին (սատանա, չիպ և այլն)։ Խաչիկ Ստամբոլցյանն ու «հայ արիներն» օրումեջ հանրահավաքներ էին անում ու ի՞նչ. այսօր բոլորն ունեն սոցիալական համարներ, համակարգն աշխատում է, իսկ Խաչիկ Ստամբոլցյանին չեն էլ հիշում։

Բոլոր երկրներում էլ կան չիպերից զգուշացողներ, թերահավատներ և այլն, սակայն նման մասշտաբային ազդեցություն չունեն։ Ինչո՞ւ է, ուրեմն՝ Հայաստանն այսօր զիջում անգամ Իրաքին։ Իրաքցիներն ավելի գիտակի՞ց են։ Կամ ինչպե՞ս բացատրել, որ այլ պատվաստումների դեպքում աշխարհում լավագույն ցուցանիշներից ունենք, իսկ կոնկրետ այս դեպքում հետնապահներից ենք։

Covid-19-ի դեմ պատվաստվելու ցածր ցուցանիշի միակ տրամաբանական բացատրությունը, այսպիսով, այդ գործում պետության ձախողումն է։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն, կամ ոչ այնքան կոնկրետ Առողջապահության նախարարության մասին է, որքան նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, տեղեկատվական անվտանգության մարմինների համախմբի, կարճ ասած՝ կառավարության։

Քաղաքացիներին պիտակավորելն անթույլատրելի է։ Հայաստանում վիրուսի տարածումը զսպելու և մահվան՝ արձանագրվող բարձր ցուցանիշների միակ պատասխանատուն կառավարությունն է։ Պետությունն իր տեղում լիներ, քաղաքացիները լավ էլ կպատվաստվեին»։