Երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ.
|
Ստեփանակերտում`   -8 °C

«Իմ ժամանակը նույնպես եկավ»․ Լևոն Պաչաջյան

«Իմ ժամանակը նույնպես եկավ»․ Լևոն Պաչաջյան
108
Չորեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2021 թ., 20:48

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ժամանակը նույնպես եկավ…
Չնայած մեծ ցանկությանը, ֆիզիկապես և հոգեպես պատրաստվածությանը և պատրաստակամությանը, պետք է նշեմ, որ մի փոքր ցավալի հանգամանքներում , բայց գլուխս բարձր ավարտում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
21 տարի շարունակ, ամենատարբեր մակարդակներում հանդես եմ եկել 4 տարբեր երկրների առաջնություններում: Հռչակվել եմ Հայաստանի վեցակի Չեմպիոն, երեք անգամ հաղթել եմ Հայաստանի Հակոբ Տոնոյանի անվան Սուպեր Գավաթը և բախտ եմ ունեցել մեկ անգամ գլխիս վերևում պահել Հայաստանի գավաթը:
2003-ին լավագույն կիսապաշտան իսկ 2007-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն եմ արժանացել, որի համար անչափ շնորհակալ եմ և հպարտ:
Արտերկրում էլ հաղթել եմ տարբեր մակարդակների առաջնություններում, ճանաչվելով ակումբի (Սանաթ-Նաֆթ) տվյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ և առաջնության (Լինշոպինգ Սիթի,Շվեդիա, Երկրորդ Դիվիզոն) լավագույն կիսապաշտպան:
Խաղացել եմ բոլոր տարիքային (17/19/21) Հավաքականներում իսկ ամենակարևոր ձեռքբերումս ֆուտբոլում դա՝ իմ երկրի, Հայաստանի Ազգային Հավաքականի մարզաշապիկը կրելն է: 38 խաղ եմ անցկացրել Հավաքականում , խփել եմ 2 գոլ և արել եմ հնարավորինս, նպաստելու մեր Ազգային Հավաքականի հաջողությանը:
Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր մարզիչներին, սկսած իմ առաջին մարզիչներ Ռոբերտ Մուրադյանից, Պավել Փաչաջյանից, Հակոբ Անդրեասյանից, Ազատ Մանգասարյանից մինչև Միխայ Ստոյկիցա, Արմեն Գյուլբուդաղյանց, Սամվել Պետրոսյան, Յան Պորտերֆիլդ, Վարդան Բիչախչյան, Մագնուս Պերսոն, Մելկե Ալան և այլն…
Ու ամենակարևորը՝ հատուկ շնորհակալություն ընտանիքիս, հորս գլխավորությամբ, մորս, կնոջս, երեխաներիս, ովքեր մինչև վերջին պահը աջակցել, սովորեցրել, պայքարել, քննադատել, գովեստի խոսքեր են ասել և միշտ ուզեցել են ինձ ուժեղ տեսնել: Իմ վերջին տարիների ֆուտբոլ խաղալու համար իմ ընտանիքին եմ պարտական:
Ֆուտբոլն ինձ համար առանձնահատուկ է նաև այն բանի համար, որ ինձ տվել է ընկերներ, ովքեր ժամանակի ընթացքում հատուկ տեղ են զբաղեցրել իմ կյանքում, ովքեր օգնել և օգնում են ինձ ամենադժվար պահերին և մինչև հիմա իմ կողքին են և միշտ էլ կլինեն, ինչպես որ ես եմ նրանց կողքին:
Հպարտ եմ ձեզանով ու շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում:
Եվ ամենավերջում, շնորհակալ եմ Հայ երկրպագուներին, ֆուտբոլի երկրպագուներին, ովքեր հիշում են և երկար տարիների ընթացքում չմոռանալով իմ խաղը, միշտ աջակցել են և գովեստի խոսքերով ոգեվորել են ինձ: Նաև շնորհակալ եմ ինձ քննադատողներին, որոնց խոսքերը նույնպես ձևավորել են առաջ գնալու իմ բնավորությունը: Շնորհակալ եմ բոլորիցդ:
Այսքանով եզրափակեմ իմ խոսքը որպես ֆուտբոլիստ և հիմա կտրուկ փոփոխության եմ գնում, չբարձրաձայնելով իմ հետագա անելիքները»:

Աղբյուրը`   Լևոն Պաչաջյան