Կիրակի, 29 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սահմանափակում է ազատ ընտրության իրավունքը՝ ստեղծելով վախի մթնոլորտ»․ Մհեր Մելքոնյան

«Սահմանափակում է ազատ ընտրության իրավունքը՝ ստեղծելով վախի մթնոլորտ»․ Մհեր Մելքոնյան
97
Այսօր, 00:30

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետության համար ծանրագույն հետևանքներ ունեցած քաղաքական շրջափուլի գլխավոր պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանը, վերջին օրերին կրկին հանդես է գալիս վտանգավոր, կեղծ և անընդունելի հռետորաբանությամբ՝ փորձելով ազդել հանրային գիտակցության վրա՝ վախի և ապատեղեկատվության միջոցով։ Այն հայտարարությունը, թե «եթե հունիսի 7-ին գործող իշխանությունը չընտրվի՝ պատերազմ է լինելու», չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքական գնահատական։ Սա հստակ ուղերձ է՝ ուղղված հասարակությանը, որի հիմքում ընկած է վախի գործոնը՝ որպես քաղաքական ազդեցության միջոց։
Պատերազմի սպառնալիքը ընտրական գործընթացի հետ կապելը նաև քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ է։ Փոխարենը՝ հաշվետու լինելու սեփական քաղաքական ձախողված մորոշումների, դրանց ծանր հետևանքների և պետական կառավարման արդյունավետության համար, հասարակությանը ներկայացվում է մի կեղծ տրամաբանություն, որի համաձայն ապագա ռիսկերը կախված են ոչ թե իշխանության վարած քաղաքականությունից, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունից։
Այս մոտեցումը արմատապես հակասում է պետական կառավարման սկզբունքներին։ Իշխանությունը չի կարող պատասխանատվությունը փոխանցել ժողովրդին՝ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Ընդհակառակը՝ այն պարտավոր է կրել այդ պատասխանատվությունը՝ անկախ քաղաքական զարգացումներից։
«Կամ գործող իշխանություն, կամ պատերազմ» բանաձևը ոչ միայն մանիպուլյատիվ է, այլև հակաժողովրդավարական իր էությամբ։ Այն սահմանափակում է քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը՝ ստեղծելով վախի մթնոլորտ և ազդելով ընտրական վարքագծի վրա։
Ժողովրդավարությունը չի կարող գործել վախի պայմաններում։ Ազատ ընտրությունը ենթադրում է գիտակցված որոշում՝ հիմնված ծրագրերի, արժեքների և արդյունքների գնահատման վրա, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշման։ Երբ այս սկզբունքները խախտվում են, վտանգի տակ է դրվում ոչ միայն ընտրական գործընթացը, այլև պետության ինստիտուցիոնալ հիմքերը։
Պետք է հստակ արձանագրել․ պատերազմները չեն սկսվում ընտրությունների արդյունքներից։ Դրանք հետևանք են տարիներով կուտակված ռազմաքաղաքական սխալների, դիվանագիտական ձախողումների և պետական կառավարման թերությունների։ Երբ այս ամենի պատասխանատուն փորձում է ապագա վտանգները կապել ժողովրդի ընտրության հետ, դա ոչ միայն մանիպուլյացիա է, այլև պատասխանատվությունից խուսափելու փորձ։
Երբ իշխանությունը սկսում է խոսել պատերազմի լեզվով՝ սեփական վերարտադրությունն ապահովելու համար, դա արդեն վկայում է քաղաքական և բարոյական լեգիտիմության լուրջ ճգնաժամի մասին։
Պետությունը չի կարող գործել սպառնալիքների տրամաբանությամբ։
Ժողովուրդը չի կարող դառնալ քաղաքական հաշվարկների գործիք։
Եթե իշխանությունը սեփական վերարտադրության միակ երաշխիքը տեսնում է պատերազմի վտանգի մեջ, ապա դա արդեն խոսում է ոչ թե պետականության ամրության, այլ դրա խոցելիության մասին։ Հայաստանի Հանրապետության ապագան չի կարող կառուցվել վախի և շանտաժի վրա։ Այն պետք է հիմնվի պատասխանատվության, հաշվետվողականության և ազգային շահի անշեղ առաջնահերթության վրա։
Պատերազմը չափազանց լուրջ է, որպեսզի այն դառնա քաղաքական գործիք։ Իսկ պետությունը չափազանց արժեքավոր է, որպեսզի այն ենթարկվի նման վտանգավոր և կեղծ հռետորաբանության»։

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան