Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Կալանավորը կաշառք է տվել «Հրազդան» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց

Կալանավորը կաշառք է տվել «Հրազդան» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց
735
Երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ., 16:30

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է. «Կալանավորված անձի կողմից «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կալանավորված անձի կողմից ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար տարբեր չափերի կաշառք տալու դեպքեր:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հմայակ Թադևոսյանը մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի մասնագետներ Սաֆար Սաֆարյանի և Սարո Մաթևոսյանի հետ: Այնուհետև, իր նկատմամբ վերջիններիս հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու, ինչպես նաև իր մոտ պահվող, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը հայտնաբերելուն և վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար Հմայակ Թադևոսյանն «Իդրամ» վճարահաշվարկային կազմակերպության միջոցով Սաֆար Սաֆարյանի հաշվին 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի հունվար, իսկ Սարո Մաթևոսյանի հաշվին՝ 2020 թվականի հոկտեմբերից 2021 թվականի մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր չափերի գումարներ է փոխանցել որպես կաշառք: Կալանավորից զգալի չափերով կաշառք ստանալու համար Սաֆար Սաֆարյանին և Սարո Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար Հմայակ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1 ին մասով (2 դրվագ):

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին, որի կողմից այն հաստատվել և ուղարկվել է դատարան»: