Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել
![]() 285 Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 18:18 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է․ «Հրապարակում եմ արտահերթ զեկույց՝ Սահմանադրական դատարանում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու և դիմումը մերժված համարելու բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարցն այն է, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում: Խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասին, որը դատարանին հնարավորություն է տալիս մերժված համարելու արդեն քննության ընդունված այն դիմումը, որի քննարկման վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունվում: Այս հարցով դիմել եմ նաև Սահմանադրական դատարան, որի համար ազդակ է դարձել 09.12.2020թ. ՍԴ ներկայացված իմ այն դիմումը, որով վիճարկել եմ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի սահմանադրականությունը: Մասնավորապես, խոսքն այդ դիմումի քննարկման այնպիսի արդյունքի մասին է, որով դիմումը ՍԴ-ն մերժված է համարել քննարկվող հարցը ձայների հավասարության պատճառով: Նշված դիմումով վիճարկում էի այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար: Սահմանված են միայն տուգանքների ֆիքսված չափեր՝ առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները: ՍԴ-ն իմ այդ դիմումի կապակցությամբ այդպես էլ ըստ էության որևէ որոշում չի կայացրել: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումը վիճարկվել է՝ ելնելով հետևյալ հիմնական մոտեցումներից. - Սահմանադրական դատարանին դիմում ներկայացնելն ու դատարանի կողմից որոշում կայացնելը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով. - Սահմանադրական դատարանը կոնկրետ գործերով իրականացնում է կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման գործառույթ, քանի որ վիճարկվող նորմը կամ դրա մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող ՍԴ որոշման հիման վրա անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման: Մինչդեռ, Սահմանադրական դատարանում արդեն քննության ընդունված գործով դիմումը տեխնիկական նկատառումներով մերժվելու դեպքում, փաստորեն, մարդը զրկվում է իր խախտված իրավունքների վերականգնման այդ հնարավորությունից. - Սահմանադրական դատարանը սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության միջոց լինելուց բացի նաև իրականացնում է կանխարգելիչ գործառույթ: Սահմանադրական դատարանի որոշումներում ամրագրված ուղենիշային դիրքորոշումները կանխարգելիչ նշանակություն ունեն իրավունքների հետագա խախտումները բացառելու և Սահմանադրության ու մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովման տեսանկյունից: Հատուկ ընդգծեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը նպատակ ունի ներկայացնելու անհատական դիմում բողոքների արդյունքներով արձանագրված համակարգային խնդիրները, պայքարել խնդիրների արմատների դեմ, ինչպես նաև նպաստել դրանց լուծմանը և հետագայում նմանատիպ խնդիրների և խախտումների բացառմանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումներով, փաստորեն, արձանագրվում են Պաշտպանի դիմումներով բարձրացված համակարգային խնդիրները, վիճարկվող նորմերը ճանաչվում են Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ առնվազն տրվում են վիճարկվող նորմերի պաշտոնական մեկնաբանություններ: Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը կիրառելու արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում նշված համակարգային խնդիրները մնում են չլուծված, իրավունքների խախտումները՝ չվերացած՝ դրանով իսկ առկախված թողնելով վիճարկվող նորմի իրավաչափության հարցն, առհասարակ: Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ: Մարդու իրավունքների պաշտպանի դեպքում դա էլ իր հերթին անխուսափելի բացասական ազդեցություն է ունենում Պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի, Պաշտպանի սահմանադրական գործառույթների վրա, խաթարում է հանրային վստահությունը սահմանադրական այս հաստատության նկատմամբ: Սահմանադրական դատարանում քննվող գործի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունն ընդգծվում է հատկապես այն բանի հաշվառմամբ, որ Սահմանադրական դատարանի որոշումների պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություն»։ |
«Կարծում եմ՝ Սերդար Քըլըչի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում». Ռուբեն Ռուբինյան
162Երեկ, 23:54Գարեգին Երկրորդը կհանդիպի Հռոմի պապի հետ
124Երեկ, 14:00Աննա Մկրտումյանն ազատվել է պաշտոնից
45912.09.2025, 19:48Արարատ Միրզոյանն ընդունել է Սերդար Քըլըչին (տեսանյութ)
61812.09.2025, 18:27ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը (տեսանյութ)
53512.09.2025, 17:50«Մտադիր ենք ՀՀ-ին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար». ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար
50011.09.2025, 21:34Թմրամիջոցներ իրացնող հանցավոր խումբը կատարել է 29 մլն դրամի փողերի լվացում
48611.09.2025, 12:48Շիրակի թեմի առաջնորդի լիազորությունները կկատարի Նարեկ եպիսկոպոս Ավագյանը
38010.09.2025, 16:24