Երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ի պատասխան Արմեն Բիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունների». Վարուժան Ավետիսյան

«Ի պատասխան Արմեն Բիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունների». Վարուժան Ավետիսյան
161
Շաբաթ, 22 հունվարի, 2022 թ., 16:06

Սասնա Ծռեր խմբավորման նախկին անդամ, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն արձագանքել է Արմեն Բիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հայտարարություններին:

«Սասնա Ծռեր խմբավորման նախկին անդամ Արմեն Բիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով անհիմն ու անհեթեթ մեղադրանքներ ու պահանջներ է ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանին և Սասնա Ծռեր խմբավորման նախկին ղեկավար անդամներին։
Ցավով արձանագրում եմ, որ հարգարժան Ալեք Ենիգոմշյանն իր հայտարարությամբ միացել է Արմեն Բիլյանի հայտարարությանը։
Մինչ հիշյալ հայտարարությունների վերաբերյալ իմ մոտեցումները ներկայացնելը, հարկ եմ համարում ընդգծել, որ դրանցում բերված փաստարկումները հիմնվում են ոչ թե փաստերի, այլ գաղափարական-քաղաքական մոտեցումների, հայացքների, ապա նաեւ՝ դրանցից ծնված անձնական վերաբերմունքի վրա։
Ալեք Ենիգոմշյանի մասով խոսքը հիմնականում վերաբերվում է տարածաշրջանում և Հայաստանի ապագայի առմամբ Ռուսաստանի դերի ու նրա հետ հարաբերությունների վերաբերյալ տարաձայնություններին։
Ալեք Ենիգոմշյանն Ազգային-ժողովրդավարական բևեռի ստեղծումից առաջ և հետագայում նեղ շրջանակում մի քանի անգամ ասել է, որ Ռուսաստանի հետ կապված իր և մեր տեսակետները տարբեր են և ինքը համաձայն չէ մեզ հետ։ Նա սխալ է համարում, որ Հայաստանը պետք է պոկվի Ռուսաստանից և մոտենա Արևմուտքին։
Այդ էր պատճառը, որ նա չի մասնակցել Բևեռի գործունեությանը, այդ թվում՝ հանրահավաքներին ու երթերին։
Հիմա՝ մեզ ներկայացվող պահանջների ու մեղադրանքների վերաբերյալ իմ մոտեցումների մասին։
1) Առհասարակ՝ ինձ համար սկզբունքորեն անընդունելի են հայտարարությունների համատեքստը և դրդապատճառները։ Դրանցով ըստ էության ասվում է, որ.
ա) Հայաստանը զավթած չեկիստական համակարգը վերջնականապես ու անդառնալիորեն հաղթել է հայ ազգին,
բ) Սասնա Ծռերն այդ համակարգի դեմ ապստամբած մարդիկ չեն, այլ հանցագործներ,
գ) նրանք պետք է ընդունեն համակարգի խաղի կանոնները, նրա գործիք դատարանը և անհատապես՝ ամեն մեկն իր գլխի ճարը տեսնելու տրամաբանությամբ, ենթարկվեն համակարգի թելադրանքին։
Մինչդեռ մենք համոզված ենք, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ և կարևոր արտաքին գործոնների ազդեցությամբ չեկիստական համակարգը տապալվելու է, Հայաստանում ճանաչվելու է ապստամբության իրավունքը և Սասնա Ծռեր խմբավորման նախկին անդամները անպարտ են ճանաչվելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է։
Իսկ առայժմ Հայաստանը գաղութացված է, չունի դատարան եւ արդարադատություն, ուստի ներկայումս հնարավոր չէ բացահայտել ճշմարտությունը և հասնել արդարության։ Բացի այդ, ինչպես արդեն ասացի, մենք ապստամբել ենք, հանցանք չենք գործել։ Բռնապետական, առավել ևս՝ գաղութացված երկրներում, որպիսին նաև Հայաստանն է, բոլոր զոհերը լինում են համակարգի մեղքով։ Մեր ապստամբության ժամանակ ևս այդպես է եղել։
Մենք չենք կարող ընդունել գաղութային համակարգի կանոններն ու ենթարկվել նրա ողորմածությանը, ինչպես ըստ էության պահանջվում է մեզանից։ Մենք չենք կարող ուրանալ մեր ապստամբությունը։
Արդարադատություն կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կազատագրվի և կունենա դատարան։
Առայժմ ստիպված ենք առնչվել համակարգի դավադրություններին, որոնցով առանց խտրականության կիրառվում են բոլոր անբարո և ապօրինի մեթոդներն ու միջոցները։
Միևնույն ժամանակ, թեկուզ Հայաստանում չկա պետություն, դատարան և արդարադատություն, ես կամ մեր քաղաքական ուժի որևէ այլ ղեկավար անձ չի կարող և իրավունք չունի ստանձնել պետության ու դատարանի գործառույթներ և նրանց փոխարեն բացահայտել ճշմարտությունն ու որոշել պատասխանատվության ենթակա անձին։ Կարճ ասած՝ մերժում ենք այլընտրանքային հրապարակային "դատավարություն" կազմակերպելու կամ այլոց կազմակերպած նման "դատավարությանը" մասնակցելու բոլոր ակնկալիքները, եթե այդպիսիք կան։
2) Հայտարարություններում ըստ էության նշվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը և Սասնա Ծռեր խմբավորման ղեկավարները գիտեն, թե ով է իրականում պատահաբար կրակել ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա, սակայն ոչ միայն լռում են, այլև ենթադրյալ կրակողին չեն ստիպում, որ վեր կենա ու հայտարարի այդ մասին։
Նախ պետք է հիշեցնեմ, որ Սասնա Ծռեր խմբավորումը գոյություն չունի 2018-ի գարնանից, ինչի մասին եղել է պաշտոնական հայտարարություն։ Սակայն, եթե նույնիսկ խնբավորումը պահպանված լիներ, նրանցից որևէ մեկի նկատմամբ իր համոզմունքներին ու ցանկությանը դեմ գնալով լռելու կամ խոսելու ցուցում, հարկադրանք կամ այլ ներգործություն չէր կարող լինել։ Այսուհետև ևս չի լինելու։
Անձամբ ես ականատես չեմ դեպքին, բայց ականատես եմ, որ Արմեն Բիլյանն այլ վայրում է եղել և զենք չի ունեցել։ Այս ամենի մասին բազմիցս հայտարարել եմ զլմ-ներով և միայն ոստիկանների զոհվելու հանգամանքների վերաբերյալ ցուցմունք եմ տվել դատավարության ժամանակ, թեպետ չեմ ընդունել ու չեմ ընդունում չեկիստական համակարգի դատարանին։ Հակառակ սկզբունքիս ցուցմունք տվել եմ այն պարզ պատճառով, որպեսզի հասարակությունը զոհերի մասով իմանա ճշմարտությունը և հնարավորություն ստեղծվի Արմեն Բիլյանի խափանման միջոցը փոփոխելու համար։ Դրանից ավելին դուրս է իմ համոզմունքի տիրույթից։
3) Հայտարարվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը և այլ ղեկավար անձինք գործարքի են գնացել իշխանության հետ, ինչի հետևանքով Արմեն Բիլյանն է փաստորեն մեղավոր նշանակվել։
Այս հայտարարությունը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվում և չի կարող ներկայացվել, քանի որ նման բան չի եղել։ Դա պարզապես անհնար է։ Միայն անհեթեթ ու անհիմն ենթադրություններ են, որոնց հնարավոր չէ պատասխանել։
4) Ժիրայր Սեֆիլյանը և այլ ղեկավար անձինք նաև մեղադրվում են, որ անուշադրության են մատնել Արմեն Բիլյանին և նրա ընտանիքին, իսկ անձամբ Սեֆիլյանն իբր թե կոպիտ է խոսել Բիլյանի մոր հետ։ Այս հարցում բարոյական սահմանի խնդիր կա, ուստի ընդամենը կպատասխանեմ, որ բանտից դուրս գալուց հետո Ժիրայր Սեֆիլյանն այցելել է Բիլյանի մորը։ Բնականաբար, նրա հետ եղել է հարգալից, այլ կերպ պարզապես չէր կարող լինել։ Բարեբախտաբար, խոսակցությանը ներկա է եղել նաև 3-րդ անձ, ով անհրաժեշտության դեպքում կվկայի ասվածը։ Սակայն հետագայում Բիլյանի մայրը մեղմ ասած չի ցանկացել շփվել և հարաբերություններ պահպանել։ Այդուհանդերձ, նման իրավիճակում արվել է հնարավորը։
5) Ժիրայր Սեֆիլյանին անհասկանալի մեղադրանք է ներկայացվում, որ Արմեն Բիլյանի համար չի ապահովել բարձրակարգ պաշտպանների ծառայություններ։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ մեր գործը քաղաքական է և դրա վերաբերյալ դատական որոշումները կայացվում են ըստ քաղաքական որոշումների, հիշեցնում եմ, որ առաջին ատյանի դատարանում Բիլյանը սպանության մեղադրանքի մասով արդարացվել է։ Իսկ վերաքննիչում հակառակ որոշումը կայացվեց, որովհետեւ քաղաքական որոշում էր փոփոխվել։
Ամփոփելով, եզրակացնում եմ, որ․
1) Դիտարկվող հայտարարություններով մեկնարկած քարոզչական հարձակման միջոցով Սասնա Ծռեր խմբավորման նախկին անդամներից առանձնացվում և որպես զոհ ընդգծվում է Արմեն Բիլյանը, որպեսզի հանրային ուշադրությունը շեղվի Սասնա Ծռեր խմբավորման մյուս նախկին անդամներից, մինչդեռ նրանցից Սմբատ Բարսեղյանը նույնպես 25 տարվա պատժաչափով գտնվում է բանտում, իսկ մնացածը ևս ծանր պատժաչափերով սպասում են իրենց բանտարկությանը։ Հատկապես այն իրավիճակում, երբ երեսուն տարի շարունակվող գաղութացմամբ ու կեղեքմամբ երկիրն աղետի հասցրածները և պատերազմում պարտության մեղավորները, որոնք մեղավոր են նաև հազարավոր զինծառայողների և տասնյակ ոստիկանների զոհվելու համար, փաստորեն անպատիժ են, համակարգի դեմ ապստամբածներից միայն Արմեն Բիլյանին զոհի կերպարանքով ներկայացնելու, իսկ մնացածին հեղինակազրկելու և պատժելու միտումը շատ ակնհայտ է դարձնում այս քարոզչական հարձակման աղբյուր չեկիստական համակարգին և նրա դրդապատճառները։
2) Տեղի ունեցող քարոզչական հարձակման հիմնական դրդապատճառն այն է, որ Կրեմլին ենթակա գաղութային համակարգի դեմ պայքարում հիմնական ազգային ուժ Բևեռը թափ է առնում։ Այս հարձակումը մանրակրկիտ կերպով պլանավորվել է ամիսներ առաջ։ Բիլյանին երկրորդ անգամ շատ ավելի խիստ պատժաչափ տալն ու կալանավորելն այդ պլանն իրագործելու առաջին քայլն էր։ Դա հնարավորություն է տալիս օգտագործելու Բիլյանի վիճակը և ստեղծելու խղճի հանգամանքը չարաշահելու համար անհրաժեշտ հուզական-զգացմունքային մթնոլորտ։
3) Թշնամի համակարգը ձեռքերը ծալած չի նստելու։ Որքան Բևեռն ուժ է հավաքում և ծավալվում, այնքան ավելի բարդ, ծրագրված ու հզոր հարվածներ ենք ստանալու։ Եվ, թեկուզ շատ ցավալի է, բայց պետք է պատրաստ լինենք նաև այնպիսի հարվածների, որոնք կհասցվեն մեր շրջանակում եղած մարդկանց միջոցով։ Համոզված ենք, որ որքան ծանր լինեն Բևեռին հասցվող հարվածները, Բևեռն այնքան ավելի է ամրանալու և հզորանալու»։