Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:
ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն:
«Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջեւ երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,-ասել է Հակոբ Արշակյանը:
2022 թ. նշանավորվում է նաեւ ՀՀ եւ ԻԻՀ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր եւ լավ հարեւան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսեւորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը:
«Տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, եւ դրա վառ դրսեւորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,-ասել է Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին:
Աբբաս Մոքթադայի Խորասհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարեւորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է եւ հարեւան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ եւ ռազմավարական հարեւան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:
Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման եւ փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առեւտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արեւային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
4913:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
10508:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
156Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
317Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
41007.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
81207.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
49606.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
66204.11.2026, 16:12