Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Գենդերային բռնության ձևերն ավելի ու ավելի են շատանում». ՀՀ ՄԻՊ

«Գենդերային բռնության ձևերն ավելի ու ավելի են շատանում». ՀՀ ՄԻՊ
177
Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 17:24

Այսօր՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպական միության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, տեղի ունեցավ համաժողով՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին:

2000 թ.-ից ի վեր ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը նշում է որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր։ Այդ օրը ողջ աշխարհում մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավը, որն ամփոփվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։

Այս տարի քարոզարշավն անցկացվելու է «Միասին վերջ դնենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը» խորագրի ներքո:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը։

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրեց, որ գենդերային բռնության ձևերն ավելի ու ավելի են շատանում՝ տարբերակվելով ֆիզիկականի, սեռականի, հոգեբանականի, տնտեսականի, բայց նաև կանանց ու աղջիկների թրաֆիքինգի, կամ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման, կամ միջազգային կոնֆլիկտների կամ հակամարտությունների անհամաչափ, առավել դաժան ազդեցությամբ՝ կանանց ու աղջիկների նկատմամբ։

«Այս առումով մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը տարիներ ի վեր ներկայացրել է առաջարկություններ, ի թիվս այլնի՝ օրենսդրական առաջարկություններ, դրանք այսօր էլ արդիական են, և hույս ունենք, որ այդ նախաձեռնությունները չեն մնա կիսատ, կընդունվեն Ազգային ժողովի կողմից»,- հավելեց Պաշտպանը։

Գրիգորյանը նշեց, որ իր համար՝ որպես մասնագետի, ամենակարևոր հետևություններն են՝ երբեք չպետք է լինել անտարբեր, պետք է իրազեկել ու իրազեկվել, կրթել ու կրթվել և, իհարկե, կանխարգելել, արձագանքել ու հետևողականորեն պատժել. «Այն, ինչ, մեր տեսողության ու լսողության տեսադաշտում է, նաև մեր պատասխանատվությունն է, որքան իրազեկում ենք իրականացնում, այնքան ավելի շատ դիմում բողոքներ ենք ստանում, որքան կանայք ավելի բարձր կրթական մակարդակ ունեն, այնքան ավելի քիչ է հնարավորությունը, որ նրանք կենթարկվեն ֆիզիկական բռնության։

Իսկ ինչ վերաբերում է հատկապես պատժին կամ դրա անխուսափելիությանը, կանխարգելելուն, արձագանքելուն ու հետևողականորեն պատժելուն, տխուր վիճակագրություն ունենք։ Այս մասով դեռ շատ անելիք կա»։

Պաշտպանի խոսքով՝ գենդերային բռնությունն այնպիսի երևույթ չէ, որի դեմ պետք է պայքարեն միայն ոստիկանությունը, միայն իրավապահ համակարգը, միայն ՄԻՊ-ը։ Պետք է համատեղվեն հասարակության բոլոր անդամների, բոլոր պատասխանատու անդամների ջանքերը։

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» այս տարվա խորագիրն է միասնությունը։ Պետական կառույցները, հասարակական կազմակերպությունները, միջազգային գործընկերները, լրատվամիջոցները և մենք բոլորս միասին պետք է շարունակենք պայքարել կանանց և աղջիկների անվտանգության, հավասար իրավունքների և հնարավորությունների համար»,- իր խոսքում ընդգծել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն այս հանդիպման կայացմանն աջակցելու համար։

Բացման խոսքին հաջորդած՝ «Գենդերային բռնության ոլորտում ՀՀ-ում առկա իրավիճակը. արդի մարտահրավերները և առաջիկա բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ կանանց հարցերով խորհրդի նախկին նախագահող Տիգրան Ավինյանը խոսեց կանանց դերի և հզորացման անհրաժեշտության մասին։

«Երևի խոսքս կսկսեմ կանանց դերի և կանանց արժևորումից մեր հասարակության մեջ, որովհետև կանայք մեծագույն ներդրում ունեն մեր կյանքի տարբեր ոլորտներում։ Դրական է, որ վերջին տարիներին կանայք ավելի ակտիվ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը, և նախկինում այն ոլորտներում, որոնք տրամաբանորեն կամ ավանդորեն եղել են տղամարդկանց ոլորտներ։ Հիմա այդ ոլորտներն ավելի ու ավելի հարստանում են կանանցով»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Խոսեց նաև պետության վարած քաղաքականության մասին:

«Պետությունը պարտավորություն ունի այս հարցում և շատ դեպքերում պետք է մի փոքր ավելի շատ կամք դրսևորի օրենսդրական դաշտում, հենց այդ օրենքների կիրառելիության դաշտում, որ այն խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, ավելի արագ տեմպերով լուծվեն։ Բայց նաև պետք է հասկանալ, որ շատ հարցեր հենց պարփակված են հասարակության ներսում, քողարկված ինչ-որ ավանդապաշտության կեղծ օրակարգերով, որոնք թույլ չեն տալիս այս խնդիրների մասին շատ բաց խոսել»,- նշեց Ավինյանը։

Կառավարությունն իր հերթին մասնակիորեն սուբսիդավորում է աջակցության կենտրոնները, ինչպես նաև 2 կացարանները:

Համաժողովին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, ԵՄ, ԱՄՆ դեսպանատների դիվանագիտական ներկայացուցիչներ։