«Ուղեցույց. ինչպե՞ս բացահայտել և չեզոքացնել սադրիչին». Վահագն Մինասյան
567
Շաբաթ, 23 սեպտեմբերի, 2023 թ., 22:30
«Հարթակ22» խմբի անդամ Վահագն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղեցույց. ինչպե՞ս բացահայտել և չեզոքացնել սադրիչին Ո՞Վ Է ՍԱԴՐԻՉԸ Փողոց փակելիս սադրիչը սովորաբար հայտնվում է ոչ միանգամից։ Բնական է՝ պետք է ինչ-որ տեղից գա, հասնի «դեպքի վայր»։ Սադրիչը սովորաբար վառ գույներով հագուստ է կրում, որ ուշադրություն գրավի ու որ իր գործնկերներն էլ հեշտությամբ իմանան թե որտեղ է սադրիչը, մոտենան իրեն (գործընկերները սովորաբար իրար չեն ճանաչում, որ կարողանան բնական խաղալ)։ Սադրիչի գործնկերներն առերևույթ մերոնքական մարդիկ են, ովքեր վրդովվում են սադրիչի արարքներից ու փորձում են մտնել կիլդիմի մեջ։ Սադրիչի հիմնական նպատակը խփոցու հասնելն է. որ հավաքված ցուցարարները կիլդիմի մեջ հայտնվելուց խուսափելով՝ հաջորդ անգամ չուզենան ակցիա անեն, նաև որ ոստիկանները գան հավա քեն սաղին, լավագույն դեպքում՝ գործեր կարվեն ցուցարարների վրա։ Դա հիմնականում անում են գործընկերների միջոցով, ովքեր ամրակազմ տղեք են լինում, հոխորտում են սադրիչի վրա, բայց սովորաբար առաջինը չեն խփում. թողնում են՝ դու տպավորություն ստանաս թե «մենք շատվոր ենք» ու դու խփես։ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԸՆԿՆԵԼ ԱՅՍ ԾՈՒՂԱԿԸ։ Ի դեպ, ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ակցիան ավարտել դրական նոտաների վրա, ծափերով ողջունելով իրար ու վարորդներին, ովքեր փաստացի ակցիայի մասնակից դառան։ Արժի մեքենայից դուրս եկածներին առանձին-առանձին մոտենալ, շնորհակալություն հայտնել, սադրիչի օրինակն էլ բերել, ասել որ բոլորով հաղթեցինքն նրան։ ԻՆՉՊԵ՞Ս ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՍԱԴՐԻՉԻՆ Նախ պետք է նրան շատ արագ բացահայտել։ Եթե հայտնվում է վերը նկարագրված մեկը, եթե նրան միանգամից մոտենում են ձեզ անծանոթ մարդիկ, ապա իմացեք, որ հավանաբար սադրանք է նախապատրաստվում։ Լավագույն դեպքում սադրիչին պետք է ՏՈՏԱԼ ԻԳՆՈՐ անել։ Եթե չի ստացվում, պետք ընդամենը մի-երկու մարդ մոտենան իրեն, ու փորձեն, էնպես անել որ սադրիչը միայն իրենց հետ խոսի, ոչ թե բարձրագոչ ելույթներ ունենա բոլորի առաջ։ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չի կարելի կուտակվել իր շուրջ։ Իր նպատակներից մեկն էլ դա է. հա՛մ բոլորի ուշադրությունը կկենտրոնացնի իր վրա՝ չթողնելով, որ այլ կառուցողական խոսակցություններ լինեն հավաքվածների միջև, հա՛մ, փողոց փակելիս, բաց տեղամասեր կստեղծի, որտեղից մեքենաները կկարողանան ճողոպրել։ ԱՆՄԻՋԱՊԵՍ պետք է նրան տեսանկարահանել, ընդ որում՝ մի-քանի հոգով, տարբեր ռակուրսներից։ Սա շատ զգաստացնող է։ Երբ ձեզ անծանոթ մարդը պատասխանում է սադրիչի արարքներին, փորձեք խոսքով նրան հանգստացնել, բացատրել, որ դիմացինը սադրիչ է։ Եթե այդ անծանոթ մարդը ձեր ասածներին որևէ կերպ չի արձագանքում, ապա հավանաբար նա սադրիչի գործընկերն է։ Սադրիչի գործընկերներին ՊԵՏՔ ՉԻ ասել, որ դուք կասկածեր ունեք իր ով լինելու մասին։ Նախ՝ գուցե սխալվում եք, հետո՝ դա ձեզ ոչինչ չի տա. ընդհակառակը, նոր կիլդիմի օջախ կարող է առաջանալ։ Դուք էլ մտեք դերի մեջ, համարեք որ նա «մերոնքական մտահոգ քաղաքացի» է. կարող եք նույնիսկ հրապարակավ գովել։ Եթե դուք ընդհանրապես չեք խառնվում, միայն մի-քանի ռակուսից նկարում եք սադրիչին, սադիչն ու իր գործընկերները մնում են մենակ, ու չեն կարողանում իրենց ուզածն անել։ Եթե տեսնում եք, որ նրանք իրար արդեն խփում են, կարող եք ոստիկան կանչել, եթե նույնիսկ մոտակայքում ոստիկան չկա. սա էլ միանգամից կսթափեցնի իրենց։ Եթե նույնիսկ սադրիչն ու գործընկերները փխեն իրար, ձեր տեսագրություններում կերևա, որ դուք դրա հետ ընդհանրապես կապ չունեք, որ ոստիկան եք կանչել, որ շարունակում եք ձեր ԽԱՂԱՂ ակցիան անել»։