Կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ոնց բերել են, այդպես էլ պահեցին»․ Հայկ Դերզյան

«Ոնց բերել են, այդպես էլ պահեցին»․ Հայկ Դերզյան
275
Շաբաթ, 18 նոյեմբերի, 2023 թ., 15:24

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը ավարտին հասցնելով հակաԱրցախյան շարժումը, մարսելով նոյեմբերի 9-ը և այն լեգիտիմացնելով 2021 թվականի ընտրություններին, շարունակում է իր գործունեությունը արտաքին ուժերի ակտիվ աջակցությամբ: Ինչպես ասում են՝ ոնց բերել են, այդպես էլ պահեցին, իսկ հիմա կապիտալիզացնում են կերած հակահայկական բողկերը:
Մինչև 2018 թվականը մեր ունեցած խաղաքարտերը ավելի լավն էին քան հիմա: Նախ, այն պատճառով, որ դրանք մերն էին և երկրորդ՝ խաղում էինք մենք, այլ ոչ թե մեզ էին խաղացնում ու հենց մեզ խաղարկում:
Աշխարհի մի քանի վեկտորի հետ համագործակցության և հարաբերությունների հիմքում Արցախն էր, քանի որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շահերի հետ բախումները հասցված էին մինիմումի: Անգամ Սիրիայում տեղի ունեցող պատերազմը չխանգարեց շարունակել Արցախի հարցի վերաբերյալ ընդհանուր սեղանի շուրջ քննարկումը:
Ապրիլյան պատերազմը պարտություն չէր, այն ինչ-որ տեղ նաև հաղթանակ էր դիվանագիտական առումով, որից հետո Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը ստացավ Վիեննա և Սանկտ Պետերբուրգ, որը վիժեցվեց հենց Նիկոլ Փաշինյանի օրոք: Նշեմ, որ դրա շրջանակներում Արցախի և Ադրբեջանի սահմանները դառնում էին միջազգային վերահսկողության թիրախ:
Առկա էին մեղադրանքներ, որ Հայաստանի կողմից մերժվել էր 1997 թվականին Արցախը՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու առաջարկը: Հիշեցնենք, որ այդ առաջարկից 14 տարի անց ներկայացվեց Կազանյան փաստաթուղթը, որը մերժվել էր Ադրբեջանի կողմից և որը հնարավորություն էր տալիս Լեռնային Ղարաբաղում անցկացնել վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում հայերը կազմել են ճնշող մեծամասնություն, այդ առաջարկը ավելի քան ձեռնտու էր Հայաստանին և Արցախին: Այո, դիվանագիտական դաշտում Ադրբեջանը նահանջում էր և դա փաստ է:
Իլհամ Ալիևը ինքը խոստովանում էր, որ փակ դռներից այն կողմ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Ժամանակը գնում էր, Ադրբեջանը տրամաբանորեն մերժում և վիժեցնում էր իր համար ոչ ձեռնտու իրավիճակը և թերևս տրամաբանակ էր այն, որ 2018 թվականին գործընթացը փակուղի էր մտել: Մտել էր ոչ մեր համար, այլ հենց Ադրբեջանի:
Հետո եղավ այն ինչ եղավ: Զրոյական կետից մինչև ագրեսիվ վարքագիծ: Ադրբեջանի համար արվեց ամեն ինչ, որպեսզի վերջինս փորձի միջազգային հարթակում մեջբերելով հենց ՀՀ իշխանությունների ելույթները՝ լեգիտիմացնի իր անմարդկային քայլերը: Ի դեպ ՀՀ իշխանությունները նույնը շարունակում են նաև այժմ՝ մի շարք միջազգային գործընկերների ձեռքերը լվալու լեգիտիմություն տրամադրելով: Ինչ խոսք, շատ լավ պլանավորված խաղ է: Հայաստանը գրագետ խաղ էր խաղում մինչև 2018 թվականը և դա շատերին դուր չէր գալիս: Այդ խաղի դեմն առնելու մի տարբերակ կար՝ բերել այլ մարդու, որպեսզի վերջինս շուռ տա խաղատախտակը, անցած հաջող քայլերը ճանաչի տեխնիկական պարտություն, իսկ ինքն էլ քայլեր անի արդեն նախապես պլանավորված պարտիայում:
Հ.Գ. Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որ համարում էր Մադրիդյան սկզբունքները կործանարար, 2021-ի հուլիսի 15-ի կառավարության նիստում հայտարարում էր, թե Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ, նշելով, թե ինքը կողմ է այդ սկզբունքներին: Ոչինչ չի մոռացվում..:»։

Աղբյուրը`   Հայկ Դերզյան