«Ինչպես մեր կյանքն է դառնում շոու, ուզում ենք դասերն էլ շոուի վերածել». Սերոբ Խաչատրյանը՝ ամեն ամիս լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթի մասին
1173 Շաբաթ, 20 հունվարի, 2024 թ., 21:54 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը – Պարո՛ն Խաչատրյան, կրթության նախարարության կողմից առաջարկված՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնությունն ինչպե՞ս եք գնահատում։ – Եթե շատ մասնագիտորեն նայենք, չեմ կարող շատ բան ասել, որովհետև հրապարակված ինֆորմացիան այնքան սուղ է ու, ճիշտն ասած, տարօրինակ։ Ո՞նց կարելի է այդքան քիչ ինֆորմացիայով մրցույթ անցկացնել: Նախ՝ սկսենք նրանից, որ մրցույթը կարծես թե կապվում է «Տարվա լավագույնները» մրցույթի հետ: Այս կապակցությամբ գոյություն ունի «Տարվա լավագույնների» մասին նախարարի կողմից հաստատված կարգ: Այս հրապարակումից չի երևում՝ այդ կարգը փոխվե՞լ է, խմբագրվե՞լ է, թե՞ ոչ, որովհետև դրա մասին ոչինչ չի ասվում, իսկ գործող կարգում նման բան չկա, որ ամեն ամսվա լավագույնները մասնակցում են տարվա լավագույնը մրցույթին, այս իմաստով անորոշ է։ Երկրորդը՝ նայենք ժամանակային առումով. ամսի 18-ին հրապարակվում է փաստաթուղթ, ու մարդկանցից պահանջվում է, որ ամսի 24-ին արդեն ներկայացնեն: Եթե շաբաթ-կիրակին հանենք, ստացվում է, որ մարդկանց տրվում է ընդամենը երեք օր՝ 19, 22 և 23, այսինքն՝ երեք օրում իրենք պետք է այդ գործն անեն ու ներկայացնեն: Սա, կարծում եմ, անլուրջ է, եթե պատրաստ չէր՝ կարելի էր սկսել փետրվարից ու հիմիկվանից հայտարարել, որ փետրվարի մեկից սկսում ենք, պատրաստվեք: Հիմա ստացվում է, որ 18-ին մարդիկ նոր բան են իմանում, բայց արդեն 24-ին պետք է ներկայացնեն։ Սա մեր կրթական համակարգի մեծագույն թերությունն է՝ ամեն ինչ անել ոտքի վրա, արագ, ինչպես արվեց դասագրքերի մրցույթը, ու նորից նույն սխալը կրկնում ենք, էլի կարճաժամկետ, հապճեպ: Փաստաթուղթն ընդամենը մեկ էջ է, որտեղ էլի բազմաթիվ հարցեր են առաջանում: Օրինակ՝ ինձ համար անհասկանալի է, թե ի՛նչ է նշանակում «չափորոշչի ներդրմանն ուղղված աշխատանք»: Նույնքան անհասկանալի մնաց չափորոշիչների փորձարկումը. փոխանակ դասագրքերը փորձարկեինք, որ հնարավոր սխալները մի քանի ամիս, տարի հետո վերացնեինք, փորձարկեցինք չափորոշիչները, մարդիկ դրանց արդյունքների մասին ոչինչ չիմանալով՝ դասագրքեր գրեցին։ Հարցրեք դասագրքերի հեղինակներին, մեծ մասը բացարձակ տեղյակ չէ, թե չափորոշիչների փորձարկումն ի՞նչ արդյունք է տվել, բայց մարդիկ արդեն դասագիրք են գրել: Հիմա նույնը սա է. ես կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք ուսուցչի՝ դաս, նախագիծ անելու կարողությունը, բայց ոչ չափորոշչի ներդրումը։ Սկսենք նրանից, որ առարկայական չափորոշիչների գծով ուսուցիչները վերապատրաստում չեն էլ անցել, նրանք վերապատրաստվել են հանրակրթության պետական չափորոշչի գծով, որից կան բազմաթիվ դժգոհություններ: Սա էլի անցկացվել է ոտքի վրա, վերապատրաստողները շատ հարցերի պատասխանել են, ասել են՝ մենք էլ դեռ չգիտենք, ինչ է լինելու: Հիմա, եթե մենք ուսուցիչներին առարկայական չափորոշիչներով չենք վերապատրաստել, դասագրքերով չենք վերապատրաստել, իրենցից ի՞նչ ենք պահանջում, այսինքն՝ ուսուցիչը ո՛նց պետք է չափորոշչի ներդրումը ցույց տա։ Մյուս խնդիրը, որ ուսուցիչներից պահանջվում է տեսանյութ: Ունենք հրաշալի ուսուցիչներ, որոնք չեն սիրում նկարվել, որոնք չեն ուզում դասը վերածել կինոյի․ ասեն՝ էրեխե՛ք, հիմա նկարվում ենք, վա՜յ, չէ՛, լավ չեղավ, նորից ենք հիմա նկարվում։ Պատկերացրեք այդ էրեխեքի վիճակը, որոնք 5-6 անգամ նկարվում են նույն սցենարը, որ ուսուցիչը լավագույն տարբերակն ուղարկի մրցույթին։ Այս նկարահանումները դասերից հետո՞, թե՞ դասերի հաշվին են անում։ Ի վերջո, այստեղից կորչում է մանկավարժության ամենաարժեքավոր բաներից մեկը՝ դասի եզակիությունը, կրթության արվեստի բաղադրիչը։ Մենք վերջին տասնամյակում մոռացանք կրթության այդ գեղագիտական արվեստի բաղադրիչը, որ դասը եզակի է, անկրկնելի, չի կարող մի քանի անգամ նկարվել: Այս ամենը մենք մոռացանք, հիմա արդեն, ինչպես մեր կյանքն է դառնում շոու, ուզում ենք դասերն էլ շոուի վերածել։ Ճիշտ ասած, ես առաջին անգամ եմ լսում, որ որևէ երկիր ամեն ամիս լավագույն ուսուցիչ մրցույթ անցկացնի: Հասկանալի է, որ բիզնեսը կյանքն արագացնում է, բայց կան բաներ, որ պետք չի դրան զոհել: Ի՞նչ է նշանակում՝ ամեն ամիս լավագույն, այդպիսի բաներ ես տեսնում եմ խանութներում, ինչ-որ օֆիսներում, բայց կրթությունն այդ ոլորտը չէ, որ ամեն ամիս լավագույն աշխատող որոշենք, սա ավելի խորքային բան պետք է լինի։ Հետո՝ չկա չափորոշիչ՝ ո՞նց եք գնահատելու։ Հիմա ես ամսի 24-ին պետք է ներկայացնեմ, բայց չգիտեմ՝ ի՛նչ չափանիշներով են գնահատելու, եթե չգիտեմ՝ ինչպե՞ս որոշեմ՝ ոնց անեմ, որ հաղթեմ։ Այնտեղ գրված է, որ ԿԶՆԱԿ-ը կկազմի այդ չափորոշիչները, եթե մրցույթին մնում է 3-4 օր, ե՞րբ ենք իմանալու դրանք։ Սա ևս կարևոր խնդիր է։ Ասում են, որ մարզպետարաններում պետք է հանձնաժողով լինի. հիմա եթե մի քանի հարյուր հոգի դիմի, արդյոք մարզպետարանն ունի՞ այդքան աշխատուժ, ռեսուրս, որ ամեն ամիս այդքան տնօրենի, ուսուցչի հայտ քննարկի։ Պարզ չէ՝ ուսուցիչը կարո՞ղ է նույն հայտը կրկին ներկայացնել, թե՞ ամեն ամիս նոր բան պետք է ներկայացնի, ո՞վ է հիշելու՝ դա հի՞ն է, թե՞ նոր։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ և ո՞ւր ենք մենք այսպես շտապում, ինչու հանրային մասնագիտական քննարկումներ չեն անցկացվում, ինչո՞ւ ենք մենք որոշում կայացնում, հետո տասն անգամ փոխում, քանի որ ամեն ինչ շատ հապճեպ է արվել։
|
Տաշիրում ուսուցիչը հարվածել է երեխաներին ու մտցրել պահարանի մեջ (տեսանյութ)
48520.12.2024, 14:54«Չհամարձակվե՛ք». Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»
56219.12.2024, 09:30«ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
55818.12.2024, 11:12«Հանրակրթությունը զոռով տալիս է գիտելիքն ու ակնկալում, որ երեխան կվերցնի այն». Սմբատ Գոգյան
76414.12.2024, 00:06Հետողորմյա․ դասագրքերի այրվող դրոշի նկարը փոխում են․ «Հրապարակ»
75613.12.2024, 09:30«Ովքեր ասում են, որ «կրթվելը նորաձև է», տգետ են». Կարեն Քոչարյան
85611.12.2024, 04:06«Կրթությունը որպես նպատակ սահմանած պետություններն են ունենում զարգացող ապագա»․ Դավիթ Անանյան
78810.12.2024, 22:30«Դեկտեմբերի 15-ից սկսվում է պետական ավարտական և միասնական քննությունների հայտագրումը»․ ԳԹԿ
95405.12.2024, 17:06