Հինգշաբթի, 04 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Հայտնի են 2026թ․ ամառային զորակոչի ժամկետները

Հայտնի են 2026թ․ ամառային զորակոչի ժամկետները
44
Այսօր, 16:30

Կառավարության չզեկուցվող հարցերի թվում էր «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշումը, որով սահմանվում է զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Կառավարության նախագծում նշվում է․ «Ղեկավարվելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու Այլընտրան­քային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայտարարել 2026 թվականի հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2026 թվականի ամառային զորակոչ կամ զորակոչ), որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայու­թյան զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվա­կանի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծա­ռայողի կարգավիճակի մասին օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:

2. 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շար­քային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայաց­րած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:

3. 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայող­նե­րին:

5. 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրան­քային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրակա­նացնել 2026 թվականի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրու­մն իրականացնել 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ:

6. 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղ­ծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մար­զային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

7. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաս­տանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագոր­ծակցու­թյամբ ապահովել՝

1) զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում ինֆեկցիոն կամ այլ վարակիչ հիվանդությունների տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

2) զինվորական կոմիսարիատների կողմից քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության ուղեգրումը և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից քաղաքացիներին անհրաժեշտ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական ուղեգրումների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը ոչ ուշ, քան 2026 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ։

9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետա­կան կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝

1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանու­թյան նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ և նրա զինվո­րա­կան կոմիսարիատներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանա­փա­կում­ներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում աջակցել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ և դրա զինվորական կոմիսարիատներ:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաս­­տանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաս­տում­ների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայու­թյուններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահո­վելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ռենտգեն և ԷՍԳ ժապավեն­ներով, երևակման նյութերով:

11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապա­հովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացի­ների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախա­րա­րության հանրապետական զինվորական կոմիսարին:

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝

1) ապահովել՝

ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիա­տի զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի, ինչպես նաև հարակից տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապե­տու­թյան տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը՝ Հայաստանի Հանրապետու­թյան պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսա­րիատի Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատներից մինչև հանրա­պետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար ներգրավել Հայաստանի Հանրապետության ներքին գոր­ծե­րի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և ոստիկա­նության գվարդիայի ծառայողներ:

13. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթա­կա­ռուց­վածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

14. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաս­տա­նի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ զորա­կոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կան­խե­լու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաս­տանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:

15. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) մինչև 2026 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պաշտ­պանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

2) մինչև 2026 թվականի հուլիսի 17-ը Հայաստանի Հանրապետության պաշտ­պանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը՝ ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպա­նու­թյան նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվո­րա­կան կոմիսարիատների.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հան­ր­ա­պետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների բժշկա­կան հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջա­նակ­ներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության
35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: