ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական տվյալները լավատեսության առիթ չեն տալիս։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մարզում մարմնական վնասվածքների և մահվան ելքով գրանցվել է 119 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 6 և վիրավորվել 193 քաղաքացի։ Հստակ պետք է արձանագրենք՝ իրավիճակը շատ տագնապալի է։ Ճանապարհատրանսպորտային պատահարների մոտ 90%-ը տեղի է ունենում վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով։ Դրանցից ամենատարածվածներն առավելագույն թույլատրելի արագության գերազանցումն է և տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը։ Ավաղ, ամենադաժան և տրավմատիկ վթարները տեղի են ունենում, երբ արագության գերազանցումը լրացվում է հանդիպակաց գոտի դուրս գալով։ Պարզ ասած, ավտոմեքենայի տեխնիկական մեղքը երկրորդական է: Այս պարագայում մեղավոր են երթևեկության մասնակիցները: Արժե ընդհանուր սցենարին ավելացնել ևս երկու գործոն՝ բուն մեքենաների մաշվածությունը, որոնք բարձր արժեքի պատճառով չեն փոխվել կամ վերանորոգվել, ինչպես նաև անվադողերի խնդիրը: Ի՞նչ անել։ Մեթոդներն ու գործընթացները, որոնք թույլ կտան հասնել հաջողության բազմաթիվ են․ մենք պետք է ամեն ինչ անենք բոլոր ուղղություններով, հարվածենք բոլոր կետերին և օգտագործենք մեր բոլոր ուժերն այս աղետալի իրավիճակից դուրս գալու համար։ Միայն օգտագործելով օրենքով թույլատրված մեթոդների ամբողջական շրջանակը, առանց բացառության, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների վրա ազդելու համար, հնարավոր է հասնել նպատակին՝ անկախ հանգամանքներից: Անշուշտ, կարևոր դեր է զբաղեցնում ճանապարհաշինությունը. որպեսզի վթարները քիչ լինեն, Հայաստանի Հանրապետության միջպետական և համայնքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները պետք է ավելի լավը դարձնել։ Բայց կան նաև այլ մեխանիզմներ, որոնց մասին շատերը մոռանում են։ Ճանապարհային անվտանգության խթանման կանոնավոր արշավներ, ներառյալ ճանապարհների երկայնքով գովազդային վահանակների, պաստառների տեղադրումը և բնակչության հետ աշխատանքը՝ սկսած վարորդների հետ շփումից մինչև ամենաերիտասարդ քաղաքացիների, և ոստիկանության մշտական ուժեղացված ստուգումները, որոնք կբացահայտեն ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին, երթևեկության կանոնները կոպիտ ձևով խախտողներին, ինչպես նաև վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին, ովքեր շարունակում են մեքենա վարել։ Ճանապարհային անվտանգության սոցիալական հայեցակետը պարտադիր է բոլորի համար։ Ճանապարհաշինարարներն իրենց գործը կանեն, տեսախցիկներն ու լուսացույցները կտեղադրեն, բայց ճանապարհային անվտանգությունը կախված է ճանապարհային երթևեկության յուրաքանչյուր մասնակցից ։ Բոլորը պարտավոր են պահպանել երթևեկության կանոնները՝ և՛ ոստիկանը, և՛ վարորդը, և՛ հետիոտնը, և՛ ուղևորը՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից: Միայն այդ ժամանակ մեր ճանապարհը կդառնա անվտանգ բոլորի համար»։