Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հայրենիքն իրենց տունը չեն համարում ու չեն հասկանում, թե ինչ են անում մեր տան հետ». Հակոբ Միկոյան

«Հայրենիքն իրենց տունը չեն համարում ու չեն հասկանում, թե ինչ են անում մեր տան հետ». Հակոբ Միկոյան
135
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ., 00:36

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղբային պատերազմները շարունակվում են։
- Եղբայր ջան, քո արածը քո դուրը եկա՞վ,- դիմում եմ մի երիտասարդի, ով վայրկյաններ առաջ մաստակը անշնորհք կերպով թքեց ծառի տակ։ Այն դեպքում երբ մի քանի մետր այն կողմ աղբաման կար։
-Հա,- վստահ պատասխանում է:
-Իմ դուրը չեկավ:
-Դուրդ չեկավ, մի նայի,- կիսամունաթ դեմքով պատասխանում է, ու ցանկանում հեռանալ:
-Արի մի բան էլ ասեմ, նոր գնա ախպեր ջան։
-Ասա...
- Երբ դու տանը ծամոն ես ծամում, վերջացնում, որտեղ պատահի թքո՞ւմ ես:
-Հա բայց սա իմ տունը չի...
- Ո՞նց չի քո տունը, այ ախպեր ջան: Քո տուն էլ է, իմ տուն էլ է...ԲՈԼՈՐԻՍ տուն է... Ու յուրաքանչյուրս պարտավոր ենք խնամքով վերաբերվել մեր ՏԱՆ հետ։ Այդպես չի՞:
- Լավ էլի, հիմա ում տեսնես աղբ գցելիս, ասելու ես, մի գցի:
-Իհարկե... չկասկածես։
-Դե ստեղ կանգնած սպասում եմ, եթե էլի մարդու ասես, որ իր շպրտածը վերցնի, ես էլ իմ շպրտածը կվերցնեմ։
-Սպասել պետք չի եղբայր ջան։ Ինձ համար կապ չունի ով է աղբ շպրտողը։ Ով էլ լինի, անշնորհք արարքը չի արդարացնում իրեն։ Դու էլ հո անշնո՞րհք չես: Կարգին տղա ես։ Ոնց էլ չլինի, հայրենասեր էլ կլինես։ Ուղղակի որ հայրենիքիդ վրա անգիտակցաբար թքում ես, ու աղտոտում։ Դրա մասին հաստատ չես մտածել։ Նույնիսկ հայրենիքդ քո տունը չես համարում, ու քո նման հազարավոր Մարդիկ, մեր հայրենակիցներ չեն գիտակցում ինչ են անում մեր ՏԱՆ հետ։
- Հոպար ջան, էս երկրում էնքան խնդիր կա, ինչի՞ հետևից ես ընգել:
-Ես քո հոպարը չեմ, ես քո ախպերն եմ։ Հիմա քեզ ախպոր պես խնդրում եմ, արի գնանք էդ նույն ծառի տակից, ես բիչոկները մաքրեմ, դու էլ քո թքած մաստակը վերցրու։
Ասում եմ, թևս գցում իմ եղբոր ըմբոստ տղու թևը, քայլում դեպի ծառը, և խոնարհվելով սկսում միասին #ՄաքրաՊատելը։
-Մեկ էլ հետագայի համար խնդրանք ունեմ քեզ։

-Հա, լսում եմ...
-Ամեն անգամ, երբ կցանկանաս աղբ շպրտել, հիշի, որ քո շպրտածը ես եմ մաքրելու, ու նաև հիշի, որ հողը, որի վրա դու քայլում ես, չափազանց կարևոր դեր ունի մեր կյանքում։ Հարգել է պետք... եթե դու չհարգես, ուրիշ ոչ ոք չի հարգելու։
- Լավ...
-Դե քեզ լավ նայի, ախպոր տղա։ Հայրիկին կբարևես։ Կասես Հակոբն էր բարևում, ու կպատմես ինչ առիթով ծանոթացանք։
Չկա այդպիսի մի օր, որ #ՄաքրաՊատումը դադարի։ Ինչքան էլ որ դժվար թվա, հավատացնում եմ Ձեզ։ Բոլոր բնագավառներում մաքրապատումն այլընտրանք չունի։
Երկրիս վրայից #Աղբ_Հավաքելը_ՊատվաբերԷ»։

Աղբյուրը`   Հակոբ Միկոյան